Հանգիստ թողե՛ք «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին

Նախկինում իր ընդդիմադիր գործունեությամբ հայտնի, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում իշխանության դուստր-ձեռնարկության վերածված «Հանրապետություն» կուսակցությունը ձգտում է տարբեր ոլորտներում պաշտոնների նշանակել իր անդամներին՝ հաշվի չառնելով նրանց մասնագիտական պատրաստվածությունը եւ մրցութային պահանջները։ Իշխանության հետ համագործակցության արդյունքում Երեւանի ավագանու վերջին ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցության մի շարք անդամներ դարձան Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ։ Ապագայում Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունենալու, իշխանության գալու հավակնություններ ունեցող կուսակցությունը, պարզվում է, որ այսքանով չի սահմանափակվում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դեկտեմբերի 1-ին հայտարարել է մրցույթ։ Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Նադարյանը։ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա փորձ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ շրջակա միջավայրի նախարարի 2020թ. մայիսի 14-ի N140-L հրամանի հավելվածով հաստատված շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության գործունեության հիմնական առարկայով եւ նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ։ Lragrogh.com-ը, սակայն, տեղեկացել է, որ Աշոտ Նադարյանը եղել է միայն ավագանի, պետական համակարգում չունի կառավարման փորձ։ Սրանից զատ՝ պարզվել է նաեւ, որ Նադարյանն ունի երկու ընկերություն՝ Աշոտ Նադարյան- ԱՐԾՐՈՒՆԻ Ա/Ձ ՀՎՀՀՀ 75466764 եւ «ԷԼ-ԱՐ ՔԱՌ» ՍՊԸ-ն՝ ՀՎՀՀ 08626053, որը հիմնել է 02.10.2023թ.։ Զավեշտն այն է, որ այդ ընկերությունները Նադարյանը գրանցել է իր բնակության հասցեում՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սեւան, Թումանյանի փողոց, տուն 61։ Իսկ այսքանից հետո ընթերցողի երեւակայությանն ենք թողնում եզրակացնելու, թե ինչ ճակատագիր է սպասվում Սեւանա լճին, եթե Աշոտ Նադարյանը զբաղեցնի «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Չէ՞ որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Երեւանի ավագանին չէ, որտեղ լիակատար դրսեւորվում են «Հանրապետություն» կուսակցության անդամները, այստեղ մասնագիտական աշխատանքի փորձ, գիտելիքներ ու հմտություններ են պահանջվում, որպեսզի ամեն օր ցամաքող Սեւանի մասին ահազանգ չհնչեցվի, ինչպես արվել է տասնամյակներ շարունակ։ Եվ Սեւանի ճակատագրով մտահոգ, այդ ՊՈԱԿ-ի պաշտոնի համար հաստատ կգտնվեն արժանավոր թեկնածուներ, որոնց կարելի է ընտրել՝ առանց նրանց կուսակցական պատկանելությունը հաշվի առնելու։

Կիսվել սոց․ ցանցերում