«Ես ձեզ միշտ ասում եմ փաստերը, ես ձեր հետ միշտ անկեղծ եմ, դուք քաղաքական կոնյուկտուրա եք ստեղծում և ասում՝ դե ասա, որ Նիկոլը սխալ է»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 44-օրյա քննիչ հանձնաժողովի իր մասնակցությամբ նիստից հետո, պատասխանելով այն հարցերին, թե ինչու է վերջինս բոլոր մեղքերը փորձում բարդել ԼՂ իշխանության վրա, այնինչ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:
«Դրանք եղել են ստիպված քայլեր, որոնք Փաշինյանը պարտավոր է եղել անել: Նիկոլ Փաշինյնաը սխալ է մի շարք հարցերում, այնքան հարցեր կարող եմ ասել, եթե դա եք ուզում լսել: Ես ասում եմ ցանկացած աշխատող մարդ թերություններ ու սխալներ թույլ է տալիս, դուք ասում եք՝ չէ ասա պետք է գնդակահարենք»,- ասաց Բաբայնաը:
Վերջինս նաև նկատեց՝ պիտի կարողանանք հզոր բանակ ստեղծել, ինքներս մեզ պաշտպանենք, հույսներս չդնենք հարևանների վրա. «Այն բանի վրա, որ ինչ որ մեկը մեզ փրկելու է: 20 տարի դրա մասին եմ խոսել, որ ձեր վրա հույս դրեք, չեք լսել, կանգնել եք փաստի առաջ, հիմա էլ այդ ղեկավարը այդ փաստից ելնելով քայլեր է արել»:
Հարցին, թե ո՞նց եք այս իշխանությանը սատարում և ինչու չեք պահանջում նրանց հրաժարականը Բաբայանը պատասխանեց. «Կարաք մի օրինակ բերեք, որ ես այս իշխանությանը սատարում եմ, այսինքն եթե ես ճշմարտությունն եմ խոսում, նշանակում է այս իշխանությանն եմ սատարում: Ով որ բարձրաձայն գորգոռում՝ պահանջում է նրանց հրաժարականը, նրանք են համագործակցում այս իշխանության հետ»:
