Այն, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունում կին պարեկները չեն զիջում տղամարդ պարեկներին իրենց գիտելիքներով, մարզական պատրաստվածությամբ, գաղտնիք չէ: Բազմաթիվ անգամներ թե Երևանում, թե մարզերում կին պարեկները ապացուցել են, որ հակաօրինական արարքներ կատարող անձին իրենք նույնպես կարող են «փռել ասֆալտին»՝ անկախ օրինախախտի դիրքից ու քաշից:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Հեղինե Լոռյանը այս օրերին Վանաձոր քաղաքում դարձել է «թոփ աստղ» ու շատ վանաձորցիներ, երբ փողոցում ծառայություն կատարելիս նկատում են նրան, հպարտորեն ասում են. «Թե՛ որպես պարեկ, թե՛ որպես լոռեցի բարձր է պահել Հայաստանի պատիվը»:
Պարզվում է, որ նա ունի կառատեի սև գոտի 2 -րդ դանի որակավորում և այս տարվա նոյեմբերի 4-ին մասնակցել է Վարչապետի գավաթ խճուղավազքի սիրողական մրցաշարին, իսկ նոյեմբերի 5-ին մասնակցել է «Tigers Karate Akademy» ակումբի կողմից կազմակերպած 1-ին ակումբային բաց առաջնությանը՝ գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը՝ «կումիտե» և «կատա» մրցաձևերից։
Արդեն նոյեմբերի 11-ին և 12-ին կին պարեկը Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում մասնակցել է «OPEN TBILISI 2023» մրցաշարին, որտեղ «Կումիտե» մրցաձևից գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ «կատա» մրցաձևից՝ 2-րդ տեղը։
Վանաձորում նրանով հպարտանում են նրա գործընկերներ տղամարդ պարեկները, իսկ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանն էլ այս օրերին հայտնվել են հայկական սիրված ֆիլիմի՝ «Հարսնացուն հյուսիսից»-ի հերոսներից Մուրադի դերում, երբ Արուսը օգնեց ռուս կնոջը կովին կթելու գործում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/30/1251185
