Խստաշունչ ձմռան ջերմ ծրագիրը՝ Ֆրանսիական «Լույսի ընթրիքներ». Գյումրիում ԼՂ-ից բrնի տեղшհшնվածների համար ճաշարան է բացվել

Գյումրիում խստաշունչ է ձմեռը, ուստի որոշեցինք ջերմ ծրագիր ունենալ: ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մեր տաք ընթրիքը օգտակար կլինի:

Հենց այս նախաբանով Ֆրանսիական «Լույս» ասոցացիան, Շիրակի թեմն ու «Խաչմերուկ» հիմնադրամը համատեղ Գյումրիում բացեցին ֆրանսիական «Լույսի ընթրիքներ» բարեգործական ճաշարանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Լույս» ասոցացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը ընդգծում է՝ հարցը միայն սնունդը չէ: Այս ճաշարանն օգնելու է տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալիզացիային:

 

«Կգան, կնստեն, կխոսեն, դարդ ու ցավ կպատմեն իրար: Գուցե ծանոթներ գտնվեն նաև, անծանոթները նոր ընկերներ ու միջավայր կունենան: Վստահ ենք, որ ճիշտ քայլ ենք անում: Շահառուների հետ նաև հոգեբաններ, սոցաշխատողներ կլինեն, որոնց կարիքն այսօր բռնի տեղահանվածները շատ ունեն»,- ասում է Խաչատրյանը:

 

Այս պահին ծրագիրը նախատեսված է դեկտեմբերից-ապրիլ ժամանակահատվածի համար: Ճաշարանում ամեն օր օրական մեկ անգամ տաք սնունդ կստանա 50 անձ:

 

Ինչո՞ւ է նման ճաշարան բացվում Գյումրիում՝ հարցին, մասնագիտությամբ բժիշկ, գյումրեցի Լևոն Խաչատրյանը հստակ պատասխանում է. «Գյումրին ունի յուրահատկություն այս հարցում: 88-ի աղետից հետո այստեղ ստեղծվել է նման իրավիճակ, և գյումրեցիները պահպանել են ուրիշի ցավի հանդեպ զգայունությունը: Հույս ունեմ, որ չեմ սխալվում»:

Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն էլ ասում է. «Առիթը, որն այսօր մեզ համախմբել է, ինձ համար ուրախալի չէ: Հետ եմ նայում անցած կյանքիս, 35 տարվա հոգևորական եմ, 1988-ին եմ ձեռնադրվել, և այդ ժամանակահատվածից սկսած՝ նման գործով ենք զբաղված՝ Սումգայիթի, Կիրոբավադի, Բաքվի փախստականներ, երկրաշարժից անտուն մնացածներ, սոցիալական խնդիրներ ու օժանդակություն: Եվ հիմա այս հերթական փուլը, որն անձամբ ինձ համար շատ է: Բայց սա չի նշանակում, որ ես շնորհակալ չեմ, որ օգնում են մեզ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Կգան, կշփվեն, հեռուստացույց կնայեն, նարդի կխաղան: Սոցիալիզացիա վերամբարձ բառը իրական կդառնա այստեղ: Մեր տեղահանվածները շնորհակալություն ասելու կարիք չունեն: Նրանք պետք է հասկանան, որ արել ենք մենք մեր կարելին և թող մեզ ներեն մեր չարածի համար»:

 

 

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ ծրագիրը շատ կարևոր է համարում:

«Առավել կարևոր է նաև այն, որ կարողանում ենք դժվարին օրերին մեկս մյուսին ձեռք մեկնել: Մենք կանգնած ենք մեր հայրենակիցների կողքին, մենք էլ մեր հերթին աշխատում ենք նրանց հետ, աջակցում մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում»,- ասում է նա:

 

Այս պահին ֆրանսիական հիմնադրամը 4 ամսվա ֆինանսավորում ունի, բայց եթե հասկանան, որ ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն կա, կփնտրեն նոր հովանավորներ:

Ծրագրի մեկ ամսվա ֆինանսավորումը ֆրանսիական Պլեսսիս Ռոբիենսոն քաղաքն է հոգացել: Բացմանը ներկա փոխքաղաքապետ Գորին Դյուգեն ասում է՝ մեծ ցանկություն ունի, որ ընտանեկան միջավայր ձևավորվի, առավելապես սա է ծրագրին միանալու իրենց նպատակը:

 

Ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»-ը կգործի «Խաչմերուկ» հիմնադրամի շենքում:

Կիսվել սոց․ ցանցերում