Մոտ օրերս կգործարկվի այն հարթակը, որի միջոցով արդեն կենսաթոշակ նշանակված հայրենակիցները կկարողանան դիմել, որպեսզի հնարավոր լինի նրանց ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգում:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Դիմումի մեջ պետք է նշվի նաև այն բանկը, որով պետք է ստացվի կենսաթոշակը կամ նպաստը:
Խոսքը վերաբերում է մինչև 75 տարեկան անձանց: Իսկ 75-ից բարձր անձինք, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք այս պահին կամավորության սկզբունքով կարող են ստանալ կանխիկ եղանակով, սակայն կա կենսաթոշակը և նպաստը անկանխիկ եղանակով ստանալու խրախուսման գործիքակազմ: Ըստ այդմ՝ անկանխիկ եղանակով կատարված գործարքների դեպքում հնարավոր է 10 տոկոսի չափով հետվճար ստանալ, բայց ոչ ավելի քան 5000 դրամը:
Մինչ հարթակի գործարկումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք պետք է Հայաստանի բնակության վայրի հաշվառում ունենան, ինչը նշանակում է, որ պետք է դիմել անձնագրային բաժին և հաշվառվել:
Դավիթ Խաչատրյանը նաև պարզաբանել է, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացու կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը նույնական է և նույնացված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն փախստականի կարգավիճակ, և Լեռնային Ղարաբաղից տեղահանված բոլոր անձանց կենսաթոշակի և նպաստի չափի, կարգի, բոլոր իրավունքների մասով կարելի է ասել, որ տարբերություն չկա:
