Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան

Մեր երկու երկրները թևակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, և վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրիի հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում բարեկամական խմբի ղեկավարը մեծապես կարևորել է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի երկրների եւ, հատկապես, Իրաքի Հանրապետության հետ: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է վերջերս Հայաստան ժամանած Իրաքի նախագահի առաջին` պատմական այցին:

Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին նշել է, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Երկուստեք արժևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել պատգամավորական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեության կարևորությունը:

Քննարկվել են փոխայցեր կազմակերպելուն, մի շարք ոլորտներում առարկայական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Կիսվել սոց․ ցանցերում