Ալավերդու «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քարտուղար Հարութ Ձավարյանը գրել է․
«Ինչպես գիտեք համայնքի ընտրված ավագանու անդամներից 14-ը սկսել են օրենքով սահմանված գործընթաց գործող համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Նշված իրավական պրոցեսը ներկա համայնքապետի կողմից ընդունվել է որպես անձնական «մարտահրավեր», ով քաղաքական գործողությունները ներկայացնում է որպես ճնշում և «ինքնապաշտպանության» միջոց ընտրել է սեփական հարազատ-բարեկամներին ցույցերի դրդելու ճանապարհը:
Ներկայացնում եմ համայնքապետի այն ապակառուցողական գործողությունները, որոնք նպաստել են ավագանու 14 անդամի նման որոշմանը:
Մինչև ս. թ. հուլիս ամիսը ՔՊ խմբակցությունը պատշաճ ներկայցել է ավագանու նիստերին, մասնակցել քննարկումներին՝ առաջարկել իր տեսլականը և լուծումները, նպատակ ունենալով նպաստել համայնքի զարգացմանը և քաղաքացիների խնդիրների լուծմանը:
Հուլիսի 10-ին համայնքապետի կողմից ավագանու նիստին ներկայացված նախագծում ընդգրկել է համայնքապետի տեղակալների հարցը, ովքեր դեռ հունվար ամսին անօրինական նշանակվել էին պաշտոնների: Մենք գրավոր և բանավոր դիմել ենք պրն. Թամազյանին, նշված հարցերը նախագծից հանելու խնդրանքով, նշելով որ չենք մասնակցի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ հարցի քննարկմանը:
Փորձելով անձամբ լուծել համայնքի համար կարևոր հարցերը, ավագանու ՔՊ խմբակցությունը հուլիսի 28-ին հրավիրել է արտահերերթ նիստ՝ չընդգրկելով միայն վերը նշված անօրինական հարցերը: Հիշեցնեմ, որ այս նիստի ընթացքում է լուծվել «ցորենի» փոխատուցման վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրույթուն ունեցող հարցը:
Հրավիրված հաջորդ նիստերում պրն. Թամազյանը փորձելով առաջ տանել իր ամբիցիաները, մշտապես ընդգրկել է տեղակալներին վերաբերվող հարցերը: Մեր կողմից համագործակցության մեկնված ձեռքը մնացել է «օդում», պատճառ դառնալով տևական ժամանակ ավագանու նիստերի չկայանալուն:
Ներկայացվածը ապացույցն է այն բանի, որ համայնքապետը սեփական շահը առաջ տանելու նպատակով մերժել է մեր կողմից առաջարկվող լուծումը:
Հարկ եմ համարում նշել նաև, որ պրն. Թամազյանի անհեռանկարային կադրային քաղաքականությունը պատճառ է հանդիսացել նաև սեփական թիմում լուրջ կոնֆլիկտների առաջացման: Սրա դրսևորումը ավագանու անդամի՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս գալն էր, ինչպես նաև նույն խմբակցության թվով 9 անդամի ստորագրությամբ վերջերս հրավիրված արտահերթ նիստն էր՝ համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Եթե այս նիստը չէր կրում ձևական բնույթ և նպատակ չուներ մոլորեցնել ժողովրդին, ապա կոչ ենք անում ավագանու նշված անդամներին մասնակցել մեր կողմից նախաձեռնած անվստահության նիստին, մեկնաբանելու համար իրենց նախաձեռնության տրամաբանությունը:
Համայնքապետը ձախողել է նաև բյուջեյի կառավարումը՝ ըստ համայնքապետարանի պաշտոնական կայքի 2023թ. դեկտեմբերի դրությամբ բյուջեյի դեֆիցիտը կազմում է 428 մլն դրամ:
Հավելեմ, որ ավագանու անդամների հետ հարաբերություններում էլ համայնքապետը բազմիցս անցել է անձնական կոռեկտության սահմանները, լրացուցիչ լարվածություն առաջացնելով նաև անձնական շփումներում:
Նոյեմբերի 15-ին գումարված նիստին անգամ «Ապրելու երկիր» խմբակցությունը չի ներկայացել:Համայնքապետը Ալավերդի համայնքում այլևս մեծամասնություն չի և տևական ժամանկ է չի կարողանում պատշաճ ղեկավարել համայնքը:
Հաշվի առնելով նշած փաստերը մենք՝ Ալավերդու համայնքի 14 ավագանիները, համայնքապետին կոչ ենք անում ընդունել սեփական սխալները և դեկտեմբերի 5-ին ներկայանալ հրավիրված նիստին: Առաջարկում ենք չլարել իրավիճակը՝ քաղաքական պրոցեսները վերածելով անձնական դրամայի ու հարազատ-բարեկամներին չօգտագործել որպես ինքնապաշտպանություն, իսկ համայնքապետարանի աշխատակիցների շրջանում տարածվող լուրերը, թե նոր ղեկավարությունը բոլորին ազատելու է աշխատանքից բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չտրվել սադրանքների; Այն միտում ունի սպասարկելու միայն համայնքապետի անձնական շահերը:
Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, ներկայացված բոլոր փաստերը հանրային են, ինքներդ կարող եք վերհիշել թերթելով մեր հայտարարությունները և ավագանու նիստերի տեսագրությունները, որոնց մի մասը նորմալ չի տեսաձայնագրվել»:
