Նորագավիթի տներից մեկում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Գոռ Գաբոյանը տարածքը սահմանազատել են։Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 66-ամյա Վ․ Պ.-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում