Համահայկական 8-րդ խաղերը հրաշալի էին. Շատ հուզիչ էր Գլենդելի թիմի նվիրատվությունը Գառնիին. Արժեքավոր ձեռքբերումները ոսկե մեդալն ու լավ հայ մարդկանց ճանաչելն էր.

Օգոստոսի 19-ին ավարտվեցին Համահայկական խաղերի պատմության մեջ աաշխարհագրությամբ և մասնակիցների թվով ամենամասշտաբային Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որը մեկնարկել էր օգոստոսի 5-ին Գյումրիից: Գառնիում մարվեց խաղերի խորհրդանիշ ջահը, որի կրակը բերվել էր նաև այս օրերին ծանր վիճակում գտնվող, շրջափակված Արցախի Սուրբ Աստվածամայր եկեղեցու օրհնությամբ, և մեծ հանդիսավորությամբ ու տպավորիչ համերգով տեղի ունեցավ փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Միասնություն սպորտով» կարգախոսը կրող Համահայկական 8-րդ խաղերն այս անգամ հայրենիքում մեկտեղել էր 7000 հայերի աշխարհի 42 երկրներից, որոնք երկու շաբաթ իրենց ուժերը փորձեցին 19 մարզաձևերում: Մեդալների քանակով առաջատարը Երևանն է՝89մեդալ, երկրորդը Վանաձորն է 33 մեդալով, գյումրեցիները՝ 17-ով: Հայաստանի մարզային պատվիրակություններից այս անգամ լավ արդյունքներ գրանցել է նաև Կոտայքի 364 հոգանոց պատվիրակությունը՝ նվաճելով ընդհանուր 8մեդալ, որից մեկը՝ոսկի: Պետք է նշել, որ սպորտային մեծ ներուժով մարզը զարմանալիորեն առաջին տարին է ունենում նման հաջողություն Համահայկական խաղերում:

Այս տարի Կոտայքի թիմի ամենամեծ ձեռքբերումը եղել է ոսկե մեդալը «Լողափնյա վոլեյբոլ» մարզաձևից, որը ապահովել է Գառնիի թիմը՝ մարզուհիներ Արփինե Բադալյանի, Միլենա Հակոբյանի, մարզիչ Անդրանիկ Թադևոսյանի շնորհիվ:

Կոտայքին ոսկե մեդալ բերած թիմի մարզիչ, Համահայկական խաղերի կուլիսային և անդրկուլիսային անցուդարձին լավատեղյակ Անդրանիկ Թադևոսյանը, որպես տարբեր տարիների համահայկական խաղերի մասնակից, Lragrogh.com-ի հետ զրույցում նշեց, որ 8-րդ Համահայկական խաղերը անհամեմատելի էին կազմակերպչական մակարդակով, յուրաքանչյուր խաղի բարձրակարգ վարումով, թե´ Սփյուռքի, թե´Հայաստանի թիմերի ավելի լավ պատրաստվածությամբ, մարզական խաղերի հանդեպ լուրջ վերաբերմունքով, տրամադրությունն ու մթնոլորտն էլ շատ ոգևորիչ էր .«Ֆանտաստիկ էր. համարյա միջազգային մրցաշարի մակարդակի խաղեր էին, ոչնչով չէին զիջում: Թիմերի մեծամասնությունը արհեստավարժ էր ու բարձրակարգ, հատկապես Սփյուռքի տարբեր համայնքներից եկած շատ թիմեր, որոնցից կառանձնացնեմ Ստամբուլը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն: Այս առումով Համահայկական խաղերը բացառիկ հնարավորություն են, որ Հայաստանից ավելի շատ մարզիկներ մասնակցեն ու ձեռք բերեն միջազգային մրցաշարում հանդես գալու փորձ, որովհետև սովորաբար փոքր թվով մարզիկներ են հնարավորություն ունենում՝ մասնակցելու միջազգային մրցաշարերի»,-ընդգծում է նա:

Թադևոսյանը նշեց, որ իր տպավորությամբ, ինչպես կարգախոսում է նշվում՝ «Միասնություն սպորտով», իրականում էլ կար զգացողություն, որ սպորտային խաղերը ուղղակի միջոց էին, իսկ նպատակը այն էր, որ աշխարհի տարբեր վայրերում ապրող հայեր հավաքվեն մի տեղ, շփվեն, զգան միասնության ուժը, իրենց փորձը փոխանակեն, ավելին՝ երկարատև համագործակցության հուշագրեր հաստատեն «Մի դեպք ասեմ, շատ բան պարզ կլինի: Երբ ԱՄՆ-ի Գլենդելի թիմը այցելեց Գառնիի մարզադպրոց, ծանոթացավ երեխաների հետ, անակնկալ ձևով դպրոցին նվիրեց գույք, գնդակներ, մարզահագուստ և այլն»,-ասում է մարզիչը:

Թադևոսյանը նշում է, որ թեև իր համար շատ կարևոր,ցանկալի էր իմ թիմի չեմպիոնության նվաճումը, բայց որպես հայ մարդու՝ իր համար այս խաղերի ընթացքում ամենահիշարժան ու արժեքավոր ձեռքբերումներից էր սա:

Իսկ թե ո՞րն է իր սաների՝ չեմպիոնության հասնելու հաջողության գրավականը, Անդրանիկը ժպիտով պատասխանում է. «Մարզիկներին ասել եմ, որ գնում ենք ոսկու համար ու որևէ ջանք չպիտի խնայենք: Այդպես էլ եղավ. մարզիկները պարապել են՝ ամենօրյա խստագույն ռեժիմով,պատասխանատվությամբ, իմ պահանջները անշեղ կատարելով: Արդյունքում «Լողափնյա Վոլեյբոլ»-ից աղջիկները բոլոր խաղերում տարան հաղթանակ, իսկ դասական Վոլեյբոլի թիմը 3-րդ մրցանակին արժանացավ»:

Մենք աղջիկների հետ չկարողացանք խոսել, որովհետև պարզեցինք, որ մարզչի խիստ պահանջների մեջ է մտնում, չզարմանաք՝ հեռախոսից իսպառ հրաժարումը, այդ թվում՝ լրագրողների հետ շփվելու: Պարզվեց՝իմ զանգի պահին աղջիկները՝ Միլենան և Արփինեն,արդեն մարզվում էին հաջորդ մրցման համար և մարզչի պահանջի համաձայն՝ չկարողացան այդ ընթացքում հեռախոսով խոսել:

Նշենք, որ Անդրանիկ Թադևոսյանի սաներից մեկը մի քանի շաբաթ առաջ մասնակցել է Վրաստանում անցկացվող միջազգային մրցույթի և իր թիմակցի հետ հաղթանակ է տարել Ադրբեջանի թիմի նկատմամբ:

Նշենք, որ Կոտայքի թիմը նվաճել է նաև երկու արծաթե մեդալ և 4բրոնզե մեդալ: Արծաթն ապահովել են՝ ֆուտզալ մարզաձևից Աբովյանի թիմը,ինչպես նաև հեծանվավազքից աջ ձեռքի բազկամարտից՝ բյուրեղավանցի մարզիկ Աննա Մկրտչյանը: Չորս բրոնզե մեդալ բերել են՝ դասական վոլեյբոլից դարձյալ Գառնիի թիմը,բազկամարտից, շախմատից՝ հրազդանցի Կարեն Թովմասյանը՝ դժվարին պայքար մղելով Հայաստանի բոլոր քաղաքներից նաև Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլ երկրներից ժամանած շուրջ 171 շախմատիստների հետ, Աբովյանից Նարինե Ասլիբեկյանը՝ 66 կին շախմատիստների պայքարում։

Կոտայքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից  Մարի Հովակիմյանը, անձամբ հետևելով Համահայկականի շատ խաղերին, ետկուլիսային զարգացումներին ականատես լինելով, Lragrogh.com-ի հետ զրույցում անկեղծացավ, որ կար սպորտային սկզբունքներով ուժեղ մրցակցություն, տաքարյուն պայքար հաղթանակի համար, լարվածություն, վեճեր, հախուռն հույզեր, ինչը ցույց էր տալիս, որ իմիջայլոց չեն տրամադրված: Սակայն, միևնույն է, տիրապետող էր զգացողությունը, գաղափարը որ առաջին հերթին հնարավորություն է ստեղծված, որպեսզի աշխարհի և Հայաստանի տարբեր կողմերից այսքան հայ երիտասարադներ հանդիպեն, միմյանց հետ շփվեն, իրապես զգան ազգային միասնության բարիքները, աշխարհում միմյանց ունենալու,պատկանելու ուժը՝ անկախ բազում տարբերություններից, կայուն հարաբերություններ հաստատե: Զգալի էր,որ  խաղերը նպաստում են Սփյուռքի հայրենակիցների հայրենաճանաչությանը, հայրենիքի հանդեպ հարազատության, սիրո հիմքերը ամրացնելուն. «Անչափ ոգեշնչող, հուզիչ էր, օրինակ, որ Աշտարակի ու Գառնիի թիմը այնքան մտերմացան, որ փոխադարձ հյուրասիրություն, նվիրատվություն արեցին: Իսկական հրաշք էր, որ Գլենդելի թիմը այցելեց Գառնիի մարզադպրոց, նվերներ հանձնեց: Շատ կարևորում եմ, որ սփյուռքահայ երեխաների հայրենաճանաչությունը այս անգամ ընդգրկում էր բավականին լայն աշխարհագրություն,քանի որ կրում էր ապակենտրոնացված բնույթ. Երևանից, Գյումրիից բացի՝ նրանք մրցումներ անցկացրին Աշտարակում, Արտաշատում, Էջմիածնում, Ծաղկաձորում, Չարենցավանում,Եղվարդում և այլ բնակավայրերում, ճանաչեցին հայրենիքի տարբեր բնակավայրեր»,-նշում է Հովակիմյնաը:

Բացի այդ՝վերջինս կարևորում է, որ Համահայկականի ժամանակ անհամեմատ ավելի շատ մարզիկներ են հնարավորություն ստանում գրեթե միջազգային մակարդակի մրցույթի մասնակցելու, իրենց ուժերը փորձելու և հնարավորությունները հասկանալու:

Մարի Հովակիմյանի կարծիքով՝ այս հաջողությունների ու առաջընթացի մեջ դեր ունի մարզպետարանի և նախարարության,համայնքների համագործակցությամբ սպորտի զարգացմանը, մասսայականացմանը ուղղված ծրագրերի հաջող կենսագործումը, իհարկե, մարզադպրոցների պայմանների բարելավումը, կառուցումը, երիտասարդության շրջանում սպորտային միջոցառումների կազմակերպման որակն ու ինտենսիվությունը: Այդ թվում՝ մեծ դեր ունեն մարզի գրեթե բոլոր հանրակրթական դպրոցների հետ մարզպետաարանի կողմից տարված աշխատանքները, նաև Համահայկական խաղերի հանդեպ ընդհանուր վերաբերմունքի փոփոխությունը, որը նպաստել է պատրաստվածության բարձր մակարդակ ապահովելուն. «Վերջին երկու տարվա ընթացքում մարզպետարանը անհամեմատ ավելի շատ սպորտային միջոցառումներ է կազմակերպել հիմնականում 7-12-րդ դասարանցիների շրջանում, ավելացվել են նաև մարզպետի անվան գավաթների մրցումները տարբեր մարզաձևերից: 2021-ի համեմատ՝ այս տարի սպորտային միջոցառումներին դպրոցականների մասնակցությունը աճել է ոչ թե կրկնակի,այլ եռակի,քառակի անգամ: Օրինակ՝ եթե անցած տարիներին հրաձգության մրցմանը մասնակցել է ընդամենը 5դպրոց, ապա այս տարի՝ 23դպրոց: Սա հստակ առաջընթաց է, որը ուղիղ կապ ունի մարզպետարան- դպրոց լավ համագործակցության հետ»:

Մենք հետաքրքրվեցինք, թե սպորտայինից զատ՝ ինչու է ընդհաանուր առմամբ Կոտայքի մարզում երիտասարդությունը պասիվ, ոչ նախաձեռնողական, երիտասարդական նախաձեռնությունները, ծրագրերը՝ ավելի տեղային, նեղ: Մարի Հովսեփյանը, համաձայնելով մեր դիտարկման հետ, նշեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով, գուցե պարադոքսալ հնչի, բայց մարզի երիտասարդության ակտիվությանը խանգարում է Երևանին մոտ լինելը: Այս դեպքում խոչընդոտում է, որովհետև մարզի շատ բնակավայրերի շատ երիտասարդների շրջանում իշխող է մտածողությունը, որ Երևանը մոտ է, կարճ ժամանակում կարող են հասնել, առանց մեծ միջոցներ, ռեսուրսներ ծախսելու՝կարող են ավելի բարձրակարգ, հեղինակություն ու մեծ թվով աշխատակիցներ ունեցող կազմակերպությունում աշխատել, թեկուզ՝ կամավորություն անել, բայց ոչ իրենց համայնքում: Այսինքն՝ լավ ու վատ որակի լինելու խնդիր չէ. նախընտրում են ավելի մեծ հարթակում ինքնադրսևորվել առաջ գնալու հեռանկարով»,-նկատում է մեր զրուցակիցը: Սակայն մշակութային լոկալ միջոցառումների կազմակերպման առումով,նրա խոսքով, երիտասարդների ներգրավվաածությունը, ակտիվությունը շատ մեծ է, ու լավ նախագծեր, միջոցառումներ են կազմակերպում, բայց դա դեռ լոկալ բնույթ է կրում. համարձակություն, մղում չկա՝ավելի մեծ, ընդգրկուն նախագծեր իրականացնելու. օրինակ՝ միջմարզային, հանրապետական նշանակության: Մինչդեռ մարզում գործում են շատ զարգացած, լավ սաներ տվող գորգագործության, կարպետագործության, գեղանկարչության, քանդակի, խեցեգործության, պարային, թատերական և այլ ուսումնական հաստատություններ: Հովակիմյանի հավաստմամբ՝ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում և հույս ունեն, որ ժամանակի ընթացքում պատկերը կփոխվի:

Թամարա Ղազարյան

Կիսվել սոց․ ցանցերում