Քոչարյանների համար Տանզանիան ոչ միայն առյուծ, բիզոն սպшնելու որսատեղի էր, այլև՝բիզնես դնելու էկզոտիկ վայր․Քոչարյանի բիզնես պարտնյորները հնարավորություն ունեն համոզվելու՝ նա ազնի՞վ գործընկեր է, թե՞ հարստացել է անաշխատ փողերով

Եթե մինչև օրս «Ռոբերտ Քոչարյան» և «Տանզանիա» բառերը կողք կողքի հոլովելիս վերհիշում էինք սատկած առյուծին հեծնած նախկին նախագահի ինքնավստահ կերպարը, ապա «Տանզանիա» տեղանունն այժմ Քոչարյան ընտանիքի անվան կողքին հոլովում է ոչ թե որսի, սպանդի, այլ՝ նրանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համատեքստում։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում Քոչարյան ընտանիքին (կին, հարսներ, զավակներ, փեսա) պատկանող ապօրինի գույքի բռնագանձման գործով դատաքննության ժամանակ պարզվեց, որ ի թիվս մի շարք այլ ընկերությունների, Քոչարյանները 37․4 %  մասնակցություն ունեն  հեռավոր Տանզանիայում գրանցված Play master gaming corporation ընկերությունում։ Փաստորեն, նախկին նախագահի բիզնես աշխարհագրությունը հասնում է մինչև հեռավոր մայրցամաք։

Ու մինչ Քոչարյան կրտսերը՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը, պնդում է, որ իրենց ընտանիքին պատկանող ահռելի գույքն ու միջոցները օրինական են, այսինքն՝ հալալ, ճակատի քրիտինքով  վաստակած, հիշեցնենք, որ 2010-ին, այսինքն, «Մարտի 1-ի» սպանդից  հետո, հանրությունը ցնցվեց համացանց սպրդած լուսանկարներից, որոնցում պատկերված են Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով որպես պատասխանող հանդես եկող Սեդրակ Քոչարյանը, սպանված  վայրի կենդանիների, մասնավորապես ընձառյուծի, զեբրի,  բիզոնի, այծքաղի լեշերի կողքին։ Ի դեպ, այս լուսանկարներին  «Հայաստան» դաշինքի միջոցով քաղաքականություն վերադառնալ փափագած  նախկին նախագահը ստիպված էր անդրադառնալ 11 տարի անց, միայն 2021-ին, Երևանի վարչական շրջաններում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով  իր՝ առյուծը հեծնելու նկարի պատմության մասին, ՀՀ երբեմնի «երիտասարդ թոշակառուն» պարզաբանեց․ «Դա եղել է Տանզանիայում, եղել եմ մի շատ-շատ համաշխարհային անուն ունեցող (ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը՝ «имя сестра , имя!») մարդու հրավերով, իր ընտանիքի հետ: Նախագահ չեմ եղել, արդեն նախագահությունից հետո էր՝ 2010, թե 2011 թիվն էր: Ինքն էր հրավիրել, իր ընտանիքի հետ անց եմ կացրել այնտեղ 1 շաբաթ: Ասեմ, որ այս տասնըքանի տարիների ընթացքում նման կարգի շատ մեծ անուն ունեցող մարդկանց հետ շփման շատ մեծ մակերես ունեմ, տարբեր տեղերում հանդիպում ենք: Որս մի անգամ է եղել: Ես եմ հրավիրում, իրենք են գալիս: Այդ շփումն ինձ հնարավորություն է տալու շատ լուրջ ներդրումային հոսքեր ապահովել Հայաստան, որովհետև անձնական վստահությունը նման կարգի մարդկանց հետ չափազանց կարևոր է: Պետք է վստահեն և՛ երկրին, և՛ երկրի առաջին դեմքին: Բոլորը գիտեն, որ որսն իմ հոբբիներից է, հիմնականում Հայաստանում կարող է լորի որս լինի, կաքավի որս լինի, երբեք չեմ էլ թաքցրել, որսն իմ հոբբին է: Հայաստանի «Որսորդ միության» անդամ եմ, գրքույկն ունեմ, նաև որսորդական զենք ունեմ իմ վրա գրանցված՝ օրինական: Բնությունը շատ եմ սիրում, շատ եմ հարգում և դրա համար սեզոնից դուրս երբեք որևէ որս չեմ արել որևէ տեղ, որևէ անօրինական բան չեմ արել»:

Փաստորեն, Քոչարյանի տանզանական արկածները միայն վայրի բնությանը հասցված կորուստներով չէ, որ սահմանափակվել են։ Համաշխարհային հայտնի դեմքի հրավերով Տանզանիա մեկնելուց  նախկին նախագահի ընտանիքը  կարողացել է  քաղել նաև անձնական օգուտներ՝  այցն ու կապերն օգտագործել՝ հետագայում այնտեղ բիզնես գործունեություն ծավալելու համար։ Իսկ բիզնեսը, նշենք, Քոչարյանի ոչ թե հոբբին է, այլև հոբբիների հոբբին, քանի որ միայն այդ հոբբին է, որ երաշխավորում է միլիարդների եկամուտ ու․․․․հաճույքներ, թանակարժե՜ք հաճույքներ։

Ինչ վերաբերում է լուրջ «ներդրումային հոսքեր» ապահովելուն, որոնց երաշխիքը  Քոչարյանը համարում է «և՛ երկրին, և՛ երկրի առաջին դեմքին» վստահելը, ապա նրա մատնանշած  պոտենցիալ ներդրողները հրաշալի հնարավորություն ունեն  հետևել դատական պրոցեսին ու համոզվել՝ վստահելի՞, ազնի՞վ  բիզնես պարտնյոր է Քոչարյանը, թե՞ իր կարողությունը դիզել է՝ նախկին պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Ուշագրավ է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը  ժամանակին հետաքննություն էր արել և պարզել, թե որքան են  Հարավաֆրիկյան Հանրապետության սաֆարիների գները: Մասնավորապես առյուծ որսալն արժե միջինը 30 հազար դոլար: «Ավելի կոնկրետ` մինչև թիակները հասնող բաշով առյուծ սպանելն արժե 21 հազար 500 դոլար, մինչև թիակների կեսը հասնող առյուծ սպանելը` 25 հազար 500 դոլար, կրծքավանդակը փակող բաշով առյուծ` 33 հազար 500 դոլար, իսկ մեծ սև բաշով առյուծ` 36 հազարից 39 հազար դոլար: Առյուծի որսը տևում է 5 օր (գումարած 2 օր էլ ծախսվում է ճանապարհի վրա):

Ի դեպ, «տանզանական որսաշրջանից» հետո, ինչպես մամուլն էր գրում, Քոչարյանը իր հոբբիով զբաղվում էր նաև այլ երկրներում։

Մամուլն, օրինակ, 2013-ին գրել էր․ «Նրա հիմնական զբաղմունքը ճամփորդելն է և որսորդությունը։ Ինչպես մտերիմներն են ասում՝ «նա որսորդ է ծնվել ու որսորդ էլ կմնա»։ Սակայն եթե պաշտոնավարման տարիներին որսի էր գնում Խոսրովի ու Ղարաբաղի անտառներ, ավելի ուշ՝ աֆրիկյան Տանզանիա, ապա վերջերս սկսել է մեկնել Գոռնի Ալթայ, Բառնեուլ՝ «լոսի» որսի։ Ափսոս՝ «լոսի» վրա նստած նկարներ ինտերնետում դեռ չեն հայտնվել»,- գրել էր թերթերից մեկը։

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հանրահայտ բասկետբոլիստ և սերֆինգիստ լինելուց բացի, նաև «հրաշալի որսորդ» է, վկայել էր Քոչարյանի որսորդական ընկեր, նախկին  նախարար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Նա դեռ  2002-ին էր իր հիացմունքն արտահայտել նախագահ Քոչարյանի որսորդական ընդունակությունների մասին։ «Այո, մենք որսի հաճախ ենք գնում և պետք է ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրաշալի որսորդ է: Ավելին, նա ոչ միայն լավ նշանառու որսորդ է, այլև որսի լավ ընկեր: Կան մարդիկ, որոնց հետ արժի որսի գնալ, և նախագահն այդ մարդկանցից է: Իսկապես, չեք պատկերացնի, թե պաշտոնը մի կողմ, ինչ լավ, բարձր մակարդակի, առանց բարդույթների մարդ է նա շփումներում: Նախագահին լավ հասկանալու համար նրա հետ պետք է որսի գնալ»,- վկայել էր Աբրահամյանն ու մանրամասնել՝ գերադասում են որս անել  «Խոսրովի անտառներում, որտեղ լորի ու կաքավի պակաս չկա: Իսկ որսի դուրս ենք գալիս լուսադեմին, երբ որսը նոր-նոր սկսում է շարժվել»:

Փաստորեն, Սեդրակիչն ու Արգամիչը ոչ միայն վաղեմի որսընկերներ են, այլ նաև բախընկերներ՝ Արգամիչը նույնպես հանդես է գալիս որպես պատասխանող՝ իրեն պատկանող ապօրինի ծագում ունեցող անծայրածիր գույքի բռնագանձման գործով։

«Ասա ով է որսընկերդ, ասեմ ով ես դու»։

Հ․ Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում