Երեկ Գյումրու շուկայի մսավաճառներն անասնապահների հետ բողոքի ակցիա են իրականացրել: Պատճառը, ըստ նրանց, ուժի մեջ մտած նոր կարգավորումն է, համաձայն որի՝ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է, ֆինանսական ամբողջ ծախսն էլ հենց վաճառողն է հոգալու:
Բողոքի ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց է ընթացել, այնուհետև՝ տեղափոխվել դահլիճ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, սակայն, տեղեկացրել է, որ նրանց մի խմբի հետ երկուշաբթի կարող է հանդիպել: Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարարությանը:
«Մենք հմի չհասկնանք, թե ինչ էնենք, ինչ կնշանակե՝ մինչև երկուշաբթի, մեր ապրանքը տանինք թափե՞նք, թե՞ ծախենք, տուգանվինք, իրանք առնին տանին, մենք էլ փողը տանք»,- ասել են հավաքվածները:
Ըստ մսավաճառների՝ Շիրակի մարզում վատ գործող մեկ սպանդանոց կա՝ Անիի տարածաշրջանի Հայկաձոր գյուղում: Այն Գյումրիից հեռու է 37 կմ, Բավրայից՝ 80 կմ: Այսինքն՝ սպանդանոցային միս ունենալու համար ամենաքիչը մարզի ցանկացած կետից մոտ 2 ժամ պետք է, որ գյուղացին կամ մսագործը միսը հասցնի Հայկաձոր: Սա, ըստ նրանց, կավելացնի իրենց վաճառած մսի գինը:Մարզպետարանի գյուղվարչության պետը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ սպանդանոց կա նաև Ձորակապում, և նման մասնավոր ծառայություն են մատուցում Աշոցքի, Արթիկի, Ամասիայի տարածաշրջաններում: Ռոման Համայակյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ հավաքվածները ասել են, որ ոչ մեկն էլ չի աշխատում, ո՛չ կենդանուն տանում են մորթի, ո՛չ էլ մթերած միս ունեն, որ մսավաճառը կարողանա գնալ ու գնել:

Այն, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն ստում, փաստել է նաև Հայկաձորի սպանդանոցի տնօրենը: Մեզ հետ զրույցում ասել է՝ իրենց նորմալ չաշխատելն իր պատճառներն ունի: Մսագործներն ու գյուղացիներն են հրաժարվել սպանդանոցային մորթից, պետությունն էլ իր ընդունած օրենքին հետամուտ չէ:
«40-50 մսագործ մեկ էլ տեսար միանգամից ամենքը մի քանի գլուխ անասուն են ուզում, ինչը անհնար է անել: Դա անում են, որ ցույց տան, թե սպանդանոցը ի վիճակի չէ աշխատելու: Նրանց մեջ ինձ մտերիմներ էլ կան, դրա համար հիմա շատ բան ասել չեմ կարող: Ես 2020-ից բացվել եմ, բայց չեմ կարողանում աշխատեմ, մինչև օրենքի գերակայություն չլինի, սպանդանոցը չի աշխատի: Եթե մսագործը, սպառման կետը հրաժարվում է մեզ հետ աշխատելուց, ես վերցնեմ գյուղացու կենդանուն մորթեմ, միսն ի՞նչ անեմ, եթե գնորդ չկա: Բայց որ գործընթացը հունի մեջ ընկնի, բոլոր կողմերն էլ կշահեն, հակառակ դեպքում ես էլ չեմ աշխատի, թող իմ ներդրումն էլ կորի, ուրիշ ելք չկա»,- ասում է Սմբատյանը:
Սպանդանոցը 30 կմ տարածության վրա կենդանուն անվճար է տեղափոխում գյուղացու տնից: Սմբատյանի խոսքով՝ կարող է փաստերով ապացուցել: Վճարումը կատարվում է միայն կենդանու մորթելուց և համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո միայն: Մեկ խոշոր եղջերավորի համար՝ 15 հազար դրամ և ևս 5000 դրամ՝ սպանդանոցից միսը հատուկ մեքենայով սպառման կետ հասցնելու համար: Այսինքն՝ մեկն կենդանու համար 20 հազար դրամ է պահանջվում: Մանր եղջերավորի համար ավելի քիչ գումար է անհրաժեշտ:
