Գյումրիում հարգել են երկրաշարժի զпհերի հիշատակը. մինչև 2027 թվականը ակնկալվում է, որ քաղաքը 0 տնակ կունենա

88-ի աղետից 35 տարի անց Գյումրին դեռ տնակաբնակներ ու անօթևաններ ունի: Տարբեր տարիներին իրականացված պետական ու բարեգործական բնակապահովման ծրագիրն ի զորու չեն եղել խնդրի վերջնական լուծմանն ու վերջակետի փոխարեն ընդգծված բազմակետեր կան այսօր:

Այսօր ի հիշատակ զոհերի՝ ծաղիկներ խոնարհվեցին, ծաղկեպսակներ դրվեցին հուշարձանին, խոնարհումի խոսք հնչեց: Մարզային ու քաղաքային կառույցների ղեկավարները խոսեցին առկա խնդիրներից:

Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված է 1227 ընտանիք կա: Նրանցից 1016-ը Գյումրիում են ապրում: Եվս 7 ընտանիք անօթևանի կարգավիճակ է ստացել դատական կարգով: 2-ը Գյումրիից են, 5-ը՝ մարզի այլ բնակավայրերից։

Կա գործող Կառավարության որոշում, համաձայն որի՝ պետք է մինչև 2027 թվականը Գյումրին 0 տնակ ունենա, անօթևաններն էլ բնակարաններ:

Պետք է մինչև 2023-ի ավարտը 800 տնակ ապամոնտաժվեր: 800-ի փոխարեն ներկա պահին ապամոնտաժված է 58 տնակ: Համայնքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասում է՝ ևս 200 տնակ սեփականաշնորհվել է, 200-ի համար էլ որոշման են սպասում, եթե քաղաքաշինական նորմերը թույլ տան, դրանք էլ տերերը կսեփականաշնորհեն: Սամսոնյանը վստահ է, որ մինչ ժամկետի ավարտը Գյումրին կազատվի տնակներից:

Այս պահին Շիրակի մարզում 2905 տնակ կա, որից Գյումրիում է գտնվում 2590-ը: 2200-ում մարդիկ իսկապես բնակվում են: Մյուսները փակ դռներ են կամ ուղղակի ինչ-որ վայրում գտնվող տնակներ:

Այն, որ նման տնակներ կան, մասնակի մեղքի բաժինն ունի ժամանակին գործած բնակապահովման պետական հանձնաժողովը:

Տարիներ առաջ այդ հանձնաժողովի անդամ հանդիսացած «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ 2018-ին հենց այդ թեմայով վեճ է ունեցել հանձնաժողովականների հետ: Ժամանակն ապացուցել է՝ ճիշտ էր:

«2018-ի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում վեճ եղավ: Ես ասում էի՝ եկեք հաշվառենք անօթևաններին, բայց չֆիքսենք իրենց ունեցած տնակները, քանի որ եթե տնակը ֆիքսում ենք, մարդիկ մտածում են, որ եթե տնակը հաշվառվեց, ուրեմն բնակարան կտան, ու սկսեցին կարևորել տնակները: Այդ որոշումից հետո այլևս հնարավոր չեղավ տնակներ քանդել: Մարդիկ պահեցին էդ տնակները՝ սպասելով դրանց դիմաց բնակարանների»,- ասում է Թումասյանը:

«Շիրակ կենտրոն»-ի միջոցով հնարավոր է եղել 160 ընտանիքի ապահովել բնակարաններով: 200 տնակ էլ քանդվել, տարածքներն ազատվել են:

«Նախորդ տարիներին ամեն շաբաթ մեկ ընտանիքի է տուն տրվել, բայց այս վերջին տարիներին 1-2 բնակարան է հնարավոր եղել գնել ու տալ անօթևաններին»,- փաստել է Թումասյանը:

Տնակաբնակներից բացի՝ Գյումրիում ռիսկային գոտում են նաև վթարային ու վթարավտանգ շենք շինությունների բնակիչները: Հատկապես օրախնդիր է Անտառավան 26 հասցեի բազմաբնակարանը: Միայն հրաշք կարելի է համարել այն, որ այս շենքում լույսն ամեն օր բացվում և օրը մթնում է առանց զոհերի:Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ այս շենքի 10 ընտանիքի հարցը Կառավարությունում արդեն շրջանառվում է որպես նախագիծ:
Այսինքն՝ 30 և ավելի տարի անց վերջապես 10 ընտանիք փլատակներում չհայտնվելու բախտին կարող է արժանանալ:Նրանց, անկախ ընտանիքի անդամներ թվից, բնակարանի գնման վկայագրեր կտրվեն գույք՝ գույքի դիմաց սկզբունքով և տվյալ ամսվա կադաստրային արժեքին համապատասխան: Դրանից հետո 4-րդ աստիճանի վթարայնության կառույցը կքանդվի ամբողջությամբ:
Եվս մեկ վտանգավոր շենք էլ Տիգրան Մեծի 5-ն է, որի մի մուտքը ժամանակին Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացվել, մեկը՝ 24 բնակաչով, թողնվել է բախտի քմահաճույքին:

Այս շենքը պատմական նշանակության կառույց է, ուստի քանդման ենթակա չէ:

Գյումրու ամենավտանգավոր վթարայիններից են նաև Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերը: Երկուսն էլ նույն կարգավիճակում են, որևէ որոշում չկա դրանց մասով:

Այս պահին միայն հայտնի է, որ Իսահակյան 9-ը քանդվելու է, դրա տեղում նոր շենք է կառուցվելու, բայց թե երբ և ինչպես, հայտնի չէ:

Ըստ պաշտոնյայի՝ ինչպես այս շենքերի, այնպես էլ Գյումրու մյուս վթարայինների բնակիչները դեռ պետք է սպասեն:

Շիրակի մարզում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 114 շենք կա: Դրանցից 92-ը գտնվում է Գյումրիում, 12-ը՝ Արթիկում, 2-ը՝ Ախուրյանում, 5 վթարային ունի Ամասիան, 1-ը՝ Աշոցքը, 2 շենք էլ Անի համայնքում կա:

Սամսոն Մատինյան

Կիսվել սոց․ ցանցերում