Վերջին օրերին Երևանն ասես մշուշի մեջ լինի։ Դեկտեմբերի 6-ին միջազգային հիդրոօթերևութաբանական հարթակների տվյալները ցույց էին տալիս, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը խիստ վտանգավոր էր առողջության համար։ Օդում PM2.5-ի (փոշու տարանջատված մասնիկների) պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի կոնցենտրացիան։ «Հետքը» անդրադարձել էր այս ցուցանիշներին։
Երևանում օդի մոնիթորինգի անշարժ 5 դիտակայան կա։ Դրանք տեղադրված են Կենտրոն (2), Նոր Նորք, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Այս անշարժ կայաններում ամեն օր դիտարկվում է մթնոլորտային օդի որակը։ Շաբաթը մեկ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամփոփում է դիտակայաններից ստացված ցուցանիշները։

Մոնիթորինգի միջոցով որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունն օդի մեջ։ Դիտարկվող ցուցանիշներից հիմնականում փոշին է նորմայից ավել լինում։
Ըստ մոնիթորինգի տվյալների՝ վերջին շաբաթվա ընթացքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի բոլոր դիտակայաններում։
Դեկտեմբերի 6-ին Կենտրոնի Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանի տվյալները ցույց են տվել, որ օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել շուրջ 4 անգամ՝ թույլատրելի 0.15 մգ/խմ-ի փոխարեն՝ 0.57 մգ/խմ։ Քաղաքի վատագույն ցուցանիշները հիմնականում այս դիտակայանում են գրանցվում։
Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանի տվյալների համաձայն՝ նոյեմբերին օդում փոշու պարունակությունը միայն երկու օր չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն ասում է՝ նման վայրիվերումներ Երևանում հաճախ են լինում։
«Եթե եղանակը խոնավ չէ, պատճառը հիմնականում քամու ուժգնացումն է լինում, ինչի հետևանքով փոշի է բարձրանում։ Եթե բոլոր դիտակայաններում է նման պատկեր լինում, կարող ենք ասել, որ քամուց է, իսկ եթե առանձին դիտակայաններում են բարձր ցուցանիշներ գրանցվում, ուրեմն խնդիրը տեղային է»,- ասում է Շահնազարյանը։
Շահնազարյանի խոսքով՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելուն ուղղված որոշումներ կան, բայց շատ գործընթացներ այս պահին սառեցված են։ «Հետքը» առաջիկայում կանդրադառնա նաև այս որոշումներին։
Գլխավոր լուսանկարը՝ Սյուզաննա Օհանյանի, Հետք Մեդիա Գործարան
