Ձեր արշինով մի չափեք, էս էդ թվերը չի․ Հովհաննիսյանը՝ Մինասյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հորդորեց իշխանությանը չչափել «իրենց արշինով»։

Նշենք՝ ԱԺ-ն քննարկում է Գյումրու մաքսային ծառայության ծանրաբեռնվածությունը թուլացնելու հարցը։

«Ձեր արշինով մի չափեք, էս էդ թվերը չի, որ օրենքներ բերենք պաշտոնյանների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք և այդպես շարունակ։ Անհասկանալի է, ասում են՝ քաղաքացին ավտոմեքենա է բերել, բայց փող չունի, որ մաքսազերծի: Բա փող չունի, խի՞ է բերել, խի՞ է բերել պետության վրա, կներեք, բեռ դարձել, որ մեքենան բերում է, 4 ամիս թողնում այնտեղ, դրա պատճառով հերթեր են առաջանում, մենք էլ փորձում ենք իրավական ճանապարհով օրենքի բացերը լուծել»,- ասաց նա։

Այնուհետև Հովհաննիսյանը պարզաբանեց․ «Կարծում եմ, որ այո՛, կարող են լինել իրավիճակներ, երբ օբյեկտիվորեն մի գործընթացը տևի 1-3 օր, և այդտեղ բնավ դիտավորություն կարող է և չլինել, և դրա համար մենք կարող ենք գնալ պրոգրեսիվ տուրքի բարձրացմանը։ Ֆիքսենք, որ սկզբի մեկ օրը լինի նույն գումարը կամ անվճար, հետո մի փոքր բարձրանա, և երկու ամիս մեքենան թողնելու դեպքում ոչ թե 5000 լինի, այլ 7-10 հազար, որովհետև դա ավտոկայանատեղի չէ, այլ մեքենաները գալիս մնում են, մաքսազերծվում են, դուրս են գալիս, պարզ է, որ վերավաճառողի համար ավելի ձեռք է տալիս մեքենան թողնել 4 ամիս այնտեղ, տալ օրական վճարվող դրամները և չծախսել մեքենայի տեղափոխման գումարը, որը ավելի շատ է լինում: Հետևաբար, մենք այստեղ գործ ունենք օրենքի բացի հետ, որը փորձում ենք փակել, և ես կարծում եմ, որ կարող ենք որոշակի կարգավորումներ քննարկել և կիրառել պրոգրեսիվ տուրքի եղանակը»։

Կիսվել սոց․ ցանցերում