Կալանքն ազդել է Արմեն Աշոտյանի իրականության զգացողության վրա. Նա առաջարկում է արգելել ՔՊ-ի գործունեությունը, սակայն չի մանրամասնում, թե ինչ պետք է անել ՔՊ-ին ընտրած քաղաքացիներին​

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բարոյահոգեբանության վրա կալանքն ու ՔԿՀ-ում մեկուսացված լինելը ակնհայտորեն բացասաբար են ազդել։ Վկայությունը  նրա՝ «բանտագրության»  ժանրում շարադրված որոշ մտքերն են, որոնք սիրով ու ակնածանքով  հրապարակում է Ժուռնալիստների միության նախագահին պատկանող  հայտնի կայքը։ Այդ գրվածքներում ՀՀԿ-ի «լուսապսակ ճակատը» որոշել է հանդես գալ որպես «սթափ և մտածող գլուխ» և «Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո» խորագրի ներքո «ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ»)-ում  ազատություն է տվել բանտի  «հյուրընկալ պատերի» ներսում գեներացված տոքսիկ մտքերին։ Ենթադրում էինք, որ բանտում գտնվելու իր օրերը Աշոտյանը կօգտագործի ճգնակեցության համար և  գոնե շաբաթը մեկ պարբերականությամբ  իր ընթերցողների հետ կկիսվի ապաշխարանքի խոսքերով։  Ասենք, թե ինչպես եղավ, որ ինքը կատարեց  իրեն մեղսագրվող արարքը, ինչի հետևանքով այսօր կալանքի տակ է, ինչը ստիպեց կամ ով դրդեց։  Եվ կամ՝ ինչպես ստացվեց, որ  իր հարազատ կուսակցության կառավարման տարիներին մի քանի տասնյակ պաշտոնատար անձինք կարողացան ապօրինի ծագում ունեցող գույքի տեր դառնալ և պատասխանողի կարգավիճակում այսօր կանգնել Հակակոռուպցիոն դատարանի առաջ։ Կամ՝ ինչպես եղավ, որ ՀՀԿ-ն այնքան այլասերվեց որպես կառավարող ուժ,  այնքան ապականեց ընտրական համակարգն ու այնքան ժամանակ ուզուրպացրեց իշխանությունը, որ 2018-ին համայն հայությունը ոտքի ելավ ու կոլեկտիվ ջանքերով  Սերժ Սարգսյանին ուղարկեց պատմության գիրկը։ Աշոտյանը, ինչպես տեսնում ենք,  խորհելու ու ինքնախարազանումի անսահմանափակ հարցեր  ունի, սակայն արի ու տես, որ որոշել է պլանավորել այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն  Նիկոլ  Փաշինյանին իշխանությունից «գցելուց» հետո։ Եվ այսպես. «Ի՞նչ է լինելու «Նիկոլի» հետ Նիկոլից հետո: Չակերտավոր Նիկոլն այս բանաձևման մեջ ներառում է թե Փաշինյանի կողմից առաջ քաշված ուսմունքը, այն հավանող մարդկանց, և թե այն թիմը, որ կյանքի էր կոչում տվյալ մոտեցումներից բխող որոշումները»,-գրում է կալանավոր Աշոտյանն ու մի քանի առաջարկ ներկայացնում։

«1. Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ»:

Զիլ է, չէ՞։ Ու մինչ հարգելի ընթերցողը կփորձի հաղթահարել ստալինյան ռեպրեսիաների  ժամանակների դառը վերհուշը,  հույս հայտնենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար մարմնում հայկական մամուլ ընթերցում են ու արդեն իսկ   ծանոթացել են  իրենց հայաստանյան անդամի՝ ՀՀԿ-ի փոխնախագահի չափազանց «ժողովրդական, ժողովրդավարական»  մտքերին  և… համապատասխան հետևություններ կանեն։  Ի դեպ, ՀՀԿ-ն ԵԺԿ դիտորդ-անդամ է  2012 թվականից, Սերժ Սարգսյանն էլ, նկատենք, Աշոտյանի օրինակով փոխարենը  կալանավայրում գտնվեր ու ապաշխարությամբ զբաղվեր, հեղափոխությունից մեկ տարի անց՝  2019-ին, մասնակցում էր  ԵԺԿ համագումարին ու Զագրեբի բարձր ամբիոնից քննադատում  ՀՀ իշխանություններին՝ ահազանգելով «երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումների», ատելության խոսքի ու անհանդուրժողականության՝ «վտանգավոր չափերի» հասնելու մասին։

Եթե ՀՀԿ-ի գործունեությունն արգելվեր, Սերժ Սարգսյանը հո Զագրեբ չէ՞ր գնա, հո ՀՀ իշխանության մասին նման գանգատագիր չէ՞ր  ներկայացնի։

Նկատենք, որ կուսակցության գործունեությունն արգելելու նախադեպ ՀՀ-ում եղել է  հեռավոր 90-ականներին. 1994-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության  ժամանակավոր կասեցման մասին: Տեր-Պետրոսյանը, նկատենք, հետագայում խիստ քննադատվել է նման որոշման համար, իսկ Աշոտյանը, ահա, որպես ապագայի պլան որոշել է այդ նախադեպի կրկնությամբ փակել նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, քանի որ, ինչպես երևում է, օրգանական անհամատեղելիություն ունի  այն ամենի հետ, ինչը ասոցացվում է իր անփառունակ պաշտոնանկության, ինչպես նաև  ժողովրդավարական ազատությունների հետ։ Նկատենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ի անտիռեյտինգը ռեկորդային մակարդակի էր,  հանրային տարբեր շերտերի կողմից հնչում էին ՀՀԿ-ի գործունեությունը օրենքով արգելելու մասին առաջարկներ։  Այս կուսակցությունը, սակայն,  ոչ միայն չփակվեց, այլև մասնակցեց ԱԺ արտահերթ ընտրություններին և… շռնդալից պարտություն կրեց՝ հավաքելով 4,70 տոկոս քվե կամ 59 հազար ձայն։ Ու ստացվեց այնպես, որ «թղթերով» ավելի քան 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ին անգամ սեփական կուսակիցները ձայն չտվեցին։ Եվ բացի դրանից, ՀՀԿ-ն փակելու կարիք իշխանությունը չունեցավ, քանի որ այն մասսայաբար լքելու գործընթացը սկսվել էր հենց հեղափոխության օրերին, երբ տասնյակ ՀՀԿ-ականներ ֆլեշմոբ էին իրականացնում՝ հրապարակավ պատռում էին իրենց անդամատոմսերն ու նետում աղբամանները։ Դավանափոխ եղած ՀՀԿ-ականներից շատերն էլ, ի դեպ՝ գյուղապետեր, քաղաքապետեր,  պետական կառավարման համակարգի  տարբեր չինովնիկներ, հետագայում կամ անդամագրվեցին ՔՊ-ին, կամ էլ շարունակեցին պաշտոնավարել անկուսակցականի կարգավիճակով։ Այն քաղաքական ուժը, որը պատեհապաշտների ու պետական ունեցվածքի թալանին մասնակից դառնալու համար տանիք էր ծառայում, այլ ճակատագրի արժանանալ չէր կարող։

Ի դեպ, բաց է մնում հարցը՝ իսկ ի՞նչ է պատրաստվում անել Աշոտյանը ՔՊ-ին թե՛ 2018-ին, թե՛2021-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ձայն տված, 2018-ին՝շուրջ  885 հազար, 2021-ին՝ շուրջ 680 հազար քաղաքացիներին։ Ինչ է՝ ստալինյան օրենքներով հայտարարելու է «դասակարգային թշնամի» ու աքսորելու է Ալտայի երկրամա՞ս, թե՞  ստիպելու է արտագաղթել, այսինքն՝ բռնի տեղահանվել ՀՀ-ից։ Ակնկալում ենք, որ բանտագրության հաջորդ «սերիայում» այս հարցի պատասխանը Աշոտյանը անպայման կտա։

Հ.Գ. Ուշագրավ է, որ  ՔՊ-ի և այդ կուսակցության հետ առնչություն ունեցողների «հարցերը լուծելու» համատեքստում  Աշոտյանը իր մեջ ուժ է գտնում հումանիզմ խաղալու համար և առաջարկում «հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով ձևավորել, «որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից: Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն»:

Կարող ենք գրազ գալ, որ հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Աշոտյանն ինքնաառաջադրվելու է ու միաձայն ընտրվելու։ Բայց, գրողը տանի, նախքան այդ պետք է իշխանափոխություն անի,  Նիկոլ Փաշինյանին հեռացնի, գա իշխանության և այլն, և այլն…

Հեղինե  Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում