Մեր արտաքին քաղաքականությունը միշտ այսպես է եղել՝ «այնպես չանենք՝ վնաս տա ԼՂ-ին», ինչը ՀՀ-ն քանդել է ներսից. քաղաքագետ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ այժմ, երբ Հայաստանը գնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով և որդեգրել է այդ օրակարգը, պետք է դադարեցնել ԼՂ հակամարտություն, ԼՂ հարց եզրույթների օգտագործումն ու դրանց մասին խոսակցությունները։ Ըստ նրա՝ դա է պահանջում նաև Հայաստանի քաղաքացին։

Սակայն, եթե այդ հարցը որոշակիորեն բարձրաձայնվում է, ապա պետք է հանրայնացնել ԼՂ հարցի շուրջ եղած բոլոր բանակցային փաթեթները, որոնք ցույց կտան, թե ինչ է բանակցվել։ Այս համատեքստում վերջինս անդրադառնում է օրերս ՀՀ վարչապետի բարձրաձայնած այն հայտարարությանը, թե 30 տարի ուղղակի ժամանակ է վատնվել, և ռեսուրսները ծախսվել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի է եղել։

«Դա այն հսկայական ճեղքն է, որին առերեսվել և դրա զոհն է դարձել ՀՀ վարչապետը՝ 2018 թվականին գալով իշխանության։ Սերժ Սարգսյանն արդեն սկսել էր այդ ճանապարհը. չէ՞ որ հայտարարում էին՝ «Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության՝ Արցախը հանձնելու համար», ուստի վարչապետը առնչվել է այդ իրականության հետ։ Հիմա էլ ՀՀ-ի ներսից ԼՂ պաշտոնյաններն են փորձ անում նորից կախել Հայաստանի ոտքերից ԼՂ խնդիրը, սակայն դա պետք է դադարեցնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ ԼՂ խնդիրները կարելի է դիտարկել միայն վերադարձի ծրագրով, այն է՝ վերադարձ դեպի հայրենի հող:

«Վարչապետը նշում է, որ մեղավոր են այս ամենի մասին ժողովրդի հետ չխոսելու մասին, իսկ թե ոնց դա կընկալեր հասարակությունը, վերհիշենք․ մի ժամանակ թևավոր խոսքի էր վերածվել այս արտահայտությունը՝ «Հող հանձնողին կհանձնենք հողին»․ սա նախկին իշխանություններն էին առաջ տարել, որոնք բանակցային բոլոր փաթեթներում ԼՂ-ն ներառել էին Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարը։ ՀՀ քաղաքացիները կհսկանային, եթե դպրոցից սկսած՝ կեղծ քարոզ չտարվեր երկրորդ հանրապետություն ունենալու մասին, բայց այդպես էլ որևէ մեկը չէր առերեսվում միջազգային իրավունքի հետ։ 2018 թվականի մայիսի մեկին, երբ Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուն ԱԺ ամբիոնում կանգնած էր, Սերժ Սարգսյանի հրոսակախումբը հանրապետականի դեմքով առաջին իսկ րոպեից վարչապետի թեկնածուին մեղադրում էր իշխանության գալով Արցախը հանձնելու համար, այդ պահից վարչապետը պետք է ուղիղ խոսակցության մեջ մտներ ժողովրդի հետ»,- ասում է նա:

Այժմ բոլոր փորձերը, որոնք Հայաստանին կներքաշեն ԼՂ մտացածին հակամարտության մեջ, քաղաքագետի պնդմամբ, պետք է ոչնչացվեն։

Նա հիշեցնում է՝ ԼՂ հարցի վերաբերյալ Հայաստանի դեմ կար ՄԱԿ-ի 4 բանաձև, որոնք էլ կանաչ լույս վառեցին ու օգնեցին Ադրբեջանին սկսել 44-օրյա պատերազմը:

«Ինքնալուծարված ԱԺ պատգամավորները, որ հայտարարում են՝ «Արցախի հարցը փակված չէ», միտում ունեն սեպ խրել Ադրբեջանի և Հայաստանի՝ դեռևս խմոր վիճակում գտնվող հարաբերություններում։ Սա լավ բանի չի հանգեցնելու։ Արցախը կարող էր լինել անկախ, եթե դրա համար առաջինը ցանկանային արցախցիները, հիմա էլ Արցախը կարող է մնալ հայկական, բայց դրա համար էլ պետք է արցախցիները վերադառնան Արցախ, իսկ Երևանում մնալով՝ պետք է ձուլվեն և ինտեգրվեն ՀՀ կյանքին։ Մնացածը հատուկ օտարերկրյա գործակալական ցանցերի ծրագիրն է, որի միակ նպատակը երկիրը ներսից պայթեցնելն է»,- կարծում է զրուցակիցը:

Այստեղ էլ Մկրտչյանը անդրադառնում է վարչապետի այն նկատառմանը, թե որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են Հայաստանում պետության կայացում թույլ չտալու համար:

«ԼՂ հակամարտությունն ակնհայտ է, որ ՌԴ-ի համար միշտ եղել է տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու, տարածաշրջանային պետությունների վրա իր ազդեցությունը ուժեղացնելու գործիք, որից մենք պետք է ազատվենք։ Մեր արտաքին քաղաքականությունը միշտ կապված է եղել Ղարաբաղի հետ՝ «այսպես չանենք, որովհետև դա վնաս կտա ԼՂ-ին», բայց իրականում ՀՀ-ն հենց ներսից է քանդվել, ԼՂ-ն պահող ու ԼՂ ծագումնաբանությամբ նախագահները, որ եկել են Երևանում զավթել են նախագահական պաշտոնները, պետք է  ռազմական բալանսը պահեին ու երկար ձգձգեին ստատուս քվոն, ոչ թե հանրապետությունն ու ԼՂ-ն թալանեին»,- ասում է քաղաքագետը:

Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի պետականությունը քանդելն ու կայացմանը խոչընդոտելը շարունակվելու է, բայց եկել է գործ անելու ժամանակը։

Կիսվել սոց․ ցանցերում