Լեռնային Ղարաբաղում կալանավորված ԼՂ նախկին ղեկավարների գործերով Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական հատուկ քննչական խումբ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նա ասել է, որ ներկայումս բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան. «Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։
Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 3-ին, ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի երկու նախկին առաջնորդները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։
Սեպտեմբերի 27-ին էլ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու:
