«Այն փաթեթները, որոնք փոխանցվում են կողմերի միջև, հենց երկկողմ ձևաչափ է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանին ուղղված այն կոչին, թե կողմերը պետք է աշխատեն երկկողմ հիմունքներով կամ գոնե ինչ-որ անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ:
Ըստ նրա՝ միևնույն ժամանակ շատ են եղել դեպքեր, երբ Ադրբեջանի հետ խոսվել, բանակցվել ու երկկողմ ձևաչափով պայմանավորվածություններ են եղել, սակայն հետո ադրբեջանական կողմը դա մեկնաբանել ու ներկայացրել է այլ կերպ:
Առաքելյանն ասում է, որ չի պատկերացնում, թե Բաքվի չեզոքության չափանիշները կամ պատկերացումները որոնք են. «Եթե նկատի ունեն Թուրքիային և ՌԴ-ին, ապա, ցավոք, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ առավել ևս Թուրքիան չեզոք չեն: Մենք կարող ենք ասել, որ այս առումով չեզոք պետություն է Վրաստանը, բայց հասկանում ենք, որ նա ի վիճակի չէ ապահովելու պայմանագրի կատարումը: Հետևաբար պետք է լինեն այնպիսի միջազգային կշիռ ունեցող պետություններ, որոնք կերաշխավորեն այդ պայմանագրի կատարումը»:
Միաժամանակ քաղաքագետը ընդգծում է՝ Ադրբեջանը լավ հասկանում է, որ, օրինակ, արևմտյան երաշխավորների հովանու ներքո և նրանց ստորագրությամբ խաղաղության պայմանագիրը չի կարող շեղվել իր օրակարգից. «Երաշխավորների առկայությունը հենց որևէ կողմին ռևանշ թույլ չտալու միակ գործիքն է, քանի որ պետությունները, ովքեր կերաշխավորեն այդ պայմանագրի դրույթները, որևէ կողմի հնարավորություն չեն տալու ռևանշի կամ տարածքային պահանջներ ներկայացնելու և դրա հիմքով ռազմական գործողություններ սկսել»:
Վերջինիս պնդմամբ՝ երբ Բաքուն խոսում է Հայաստանի ռևանշի հնարավորությունների մասին, ապա չպետք է մոռանա իր իրականացրած ռևանշի մասին. «Մենք գիտենք, որ այսօր Բաքուն է տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին, այն առումով, որ դեռևս հստակ սահմաններով չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»:
Խոսելով վերջին շրջանում ադրբեջանական մամուլում և պաշտոնական մակարդակում «խաղաղասերի» դիրքից հանդես եկող հռետորաբանության մասին՝ Առաքելյանն ասում է, որ դա առավել նկատի է դարձել Օ Բրայենի՝ Բաքու այցելությունից հետո:
«Դրանից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Կարծում եմ, որ սա նոր գործընթաց է, որը ներառում է նաև Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու փաթեթը: Ադրբեջանը նոր ընտրություններ անցկացնելու հետ կապված որոշակի լեգիտիմություն ստանալու խոստումներ է ստացել Արևմուտքից, և այս փաթեթի համատեքստում Ադրբեջանը կարող է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման: Չնայած, որ Ադրբեջանի նախագահը որոշակի խոստումներ ունի ՌԴ նախագահին՝ ՀՀ տարածքների հետ կապված, բայց չեմ կարծում, որ այդ խոստումները կարող են իրականություն դառնալ, մասնավորապես՝ Սյունիքի հետ կապված: Հաշվի առնելով նաև, որ ՌԴ-ին նույնպես պետք են կոմունիկացիաներ՝ երկար չեն կարող ձգել տարածաշրջանում այս խաղաղության հաստատումը, և անհրաժեշտ է, որ կոմունիկացիաները հնարավորինս շուտ բացվեն: Այս հանգամանքները հաշվի առնելով, կարծում եմ, այնուամենայնիվ, առաջիկայում հնարավոր է խաղաղության պայմանագրի կքնում»,- ասում է զրուցակիցը:
Նա նաև նկատում է՝ բոլոր դեպքերում պետք չէ հարյուր տոկոս հավատալ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հայտարարություններին և պետք է բարձրացնել ներքին պոտենցիալը՝ դիմադրողականությունը՝ թե՛ ներքաղաքական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական գործընկերների հետ հարաբերությունների և թե՛ տնտեսական առումով:
«Բնականաբար, եթե տարածաշրջանում Ադրբեջանի հետ ռազմական գործողություններ լինեն, սահմանին կռվելու է հայ զինվորը, իհարկե, կարող ենք քաղաքական, որոշակի ռազմատեխնիկական աջակցություն ստանալ, բայց, այնուամենայնիվ, կռվելու է հայկական բանակը, և այս առումով որևէ պատրանքներ չպետք է ունենալ և նախապատրաստվել հնարավոր վատ զարգացումներին՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ հնարավոր է՝ նաև խաղաղություն: Խաղաղության գործընթաց բազմակոմպոնենտ է, որոնցից մեկը, ինչը կստիպի Ադրբեջանին գնալ դրան, Հայաստանի ներուժի հզորացումն է, և, բնականաբար, արտաքին քաղաքական գործոններն ու Արևմուտքի ճնշումները Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ»,- տեսակետ է հայտնում քաղաքագետը:
