Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից փախուստի դիմելիս՝ մարմնական վնասվածքներ է ստացել ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մ-ն:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Քաղաքացին ոստիկանության էրեբունու բաժին է տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայության կողմից՝ քրեական վարույթի շրջանակում և գտնվում է հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից: Երեկ էրեբունու ոստիկաննները նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելուց հետո խնդրել է քննիչին, որ իրեն ուղեկցեն զուգարան, ինչը քննիչի կողմից կատարվել է:
Մի քանի րոպե անց քննիչը, տեսնելով, որ նա պետքարանից դուրս չի գալիս, իսկ դրսում աղմուկի ձայներ են լսվում, բացելով դուռը, տեսել է, որ նա այնտեղ չէ: Պարզվում է, որ նա պատուհանից փախուստի փորձ է կատարել, ընկել ու հայտնվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ (ժողովրդին հայտնի ԿՊԶ-ի) տարածքում: Ոստիկաններն ու քննիչիները ահազանգել են շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քննիչներն ու ոստիկանները, ապա ժամանած քննիչների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: