«Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում»:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին:
«Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ, հակահասարակական արարքի համար ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը: ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել է մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ ձեռնարկված ցանկացած ինքնիրավչություն, վենդետա, ինքնադատաստան նույնպիսի հակաիրավական արարք է, և արժանի համանման իրավական գնահատականի ու հետևանքների. «Քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում ձեռնպահ մնալ ինքնագործունեության դրսևորումներից և միջադեպերը կանխելու ու բացառելու համար դիմել ու աջակցել իրավապահ մարմիններին»:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023 թ․ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:23-ին, քաղաքացու կատարած ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ. Ա․—ն և Յ․ Մ․—ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։
Մասնավորապես՝ նրանք վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
Նույն օրը՝ ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողները վերջիններս հայտնաբերելև ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել վերոնշյալ արարքները կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու մասին։
Միաժամանակ, ձերբակալված Յ․ Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023 թ․դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, որոնք տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել մազերը և ներկ լցրել գլխին:
