Փառավորում ենք Քեզ, բարերար Տեր, մեր Տիրոջ` Հիսուս Քրիտոսի Հայր, և աղաչում ենք Քեզ ամբողջ սրտով, քաղցրությամբ նայիր մեզ գթությամբ

Փառավորում ենք Քեզ, բարերար Տեր, մեր Տիրոջ` Հիսուս Քրիտոսի Հայր, և աղաչում ենք Քեզ ամբողջ սրտով, քաղցրությամբ նայիր մեզ գթությամբ և ողորմությամբ հիշիր Քեզ ապավինածներիս, տառապածներիս ու դատապարտվածներիս, շրջիր բանսարկվի կողմից բանտված մեր ոգիների գերությունը և կանգնեցրու ընկածներիս ու կործանվածներիս: Աղաչում ենք Քեզ, մարդասեր Տեր, որովհետև թեպետ և մեղանչեցինք, սակայն ավազանի արգանդից դեպի Քեզ դարձանք, և Դու ես մեր Աստվածը. մեզ բաց մի թող Քո ձեռքից, որովհետև ունայնության մեջ նվազեցին մեր օրերը, մենք նախատվեցինք թշնամիներից և մեզ ատողների համար ծաղր ու ծանակի առարկա եղանք: Այլ հուսալով Քո ողորմությանը, հայցում ենք Քեզանից, մեր առջև բաց արա Քո ողորմության դուռը և սրբիր մեզ մեր մեղքերի գաղտնիքներից: Տես Քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին: Քավություն շնորհիր Քո ժողովրդին և ամենքին մաքրիր Սուրբ Հոգուդ զորությամբ: Փրկիր մեզ թշնամու բռնությունից և մեր կյանքն ամուր պահիր բանսարկուի չարահնար որոգայթների դեմ: Խաղաղության հրեշտակին հանձնիր մեզ, Դու, որ նախքան մեր հայցելը, պատրաստում ես մեր պետքերը: Արժանացրու մեզ խոստովանությամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Քեզ` նախքան մեր վախճանը: Սուրբ Հոգուդ ընդունելության տաճար դարձրու բոլորին, սուրբ առաքյալների հետ, և մեր անունները նրանց հետ միասին գրիր կյանքի գրքում: Մեզ ամենքիս ժողովիր Քո արքայության մեջ վերին Սիոնում` երկնային ու բարձրագույն վերնատանը: Որովհետև Քոնն է ողորմությունը, և Քեզ ու Քո Միածին Որդուն և Սուրբ Հոգուդ ենք փառք վերառաքում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհաննես Ոսոկեբերան
Կիսվել սոց․ ցանցերում