Սահմանամերձ Ներքին Հանդում առկա խնդիրները շարունակում են բնակիչներին անհագստացնել։
Գյուղում խմելու ջուր չկա ինչպես առաջ այնպես էլ հիմա։ Համայնքի աղբյուրները թշնամու կրակի տակ են, ջուրը ստիպված գետից են վերցնում, իսկ խմելունը՝ հեռու աղբյուրներից։
Խնդրի շուրջ բնակիչները խոսել են Փաստինֆո կայքի հետ և հայտնել են, որ թշնամին վերահսկում է սահմանամերձ գյուղի գրեթե ամբողջ տարածքը՝ երեք կողմից։ Ասում է՝ այս օրերին էլ կրակոցները չեն դադարում, իսկ անվտանգ տեղաշարժվելու տարածքը սահմանափակ է դարձել։
«Կարողա դիրքից դիրք կրակ լինի։ Դե մոտ է էստեղին։ Էնտեղ կրակում են՝ էստեղ ասկոլկա կարող է կպնել տանիքներին։ Հենց էդ վախն արդեն հերիք է։ Ժողովուրդն էդ վախի մթնոլորտում ապրում է։ Էլ այն ազատ կյանքը չկա։ Թուրքը մեր գլխին կանգնած է, էլի․ էդպես ենք ապրում։ Միայն բնակավայրի ներսն է, որ մերն է։ Մնացած արտերը, դաշտերը, ամբողջությամբ վերահսկում են։ Եթե գյուղացին անասուն չի պահում, հողը չի կարում մշակել, դա շատ մեծ խնդիր է։ Տնամերձերն ենք մշակում։ Ամեն մարդ մի երկու առու ցանել է, իր տան հոգսերն է հոգում, մի կերպ գլուխը պահում»,- ասել է բնակիչներից մեկը։
Ներքին Հանդի բնակչի խոսքով՝ այս պահին, սահմանամերձ ամբողջ գյուղում միայն երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն է մնացել՝ նախկին 100-ից ավելի կովերից։ Մի քանի ընտանիք էլ խոզ է պահում։
Ինչ վերաբերում է դպրոցին ապա այնտեղ ընդամենը 3 աշակերտ կա։ Երեխաներից մեկը տարրականում է սովորում։ Մյուս երկուսը բարձր դասարաններում են։
Գյուղում ծնելիության մակարդակը ևս ցածր է։ Մարդկանց շարժ էլ գրանցվում է հիմնականում ամառային սեզոնին, երբ երիտասարդները ուսումնական հաստատություններից վերադառնում են բնակավայր։ Բնակիչները, սակայն, գյուղը լքելու որևէ մտադրություն չունեն։
Կայքի հետ զրույցում բնակիչները հայտնել են, որ վերջին շրջանում գյուղի երկու բնակչի հուղարկավորելու համար ստիպված են եղել տանել Կապան։