Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի օրոք համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Սասուն Վարդումյանն ու Արտուշ Աբելյանը աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել, իսկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ՀԱԿ անդամ Տիգրան Պապոյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել։ Մեր տեղեկություններով, սակայն, նա ևս չի ցանկանում աշխատել համայնքի նոր ղեկավար ընտրված ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ։ Վերջինս, նկատենք, Civic.am-ին տված իր հարցազրույցներում հայտարարել է, որ, այսպես կոչված, «կադրային ջարդ» չի իրականացնելու։ «Մեր թիմը չի պատրաստվում կադրային ջարդ անել, ինչպես հակառակորդ թիմն էր տարբեր տեղեր հայտարարում, որ իբր թե գալու ենք, բոլորին հանելու ենք աշխատանքից։ Նման բան չկա։
Աշխատելու են այն մարդիկ, ովքեր ուզում են աշխատել, ամենակարևորը՝ կարող են, ունեն գիտելիքներ, ունեն փորձ։ Վստահաբար մի բան գիտենք՝ այն մարդիկ, ովքեր չեն կարող աշխատել, չեն աշխատելու։ Համայնքի այն բնակիչները, ովքեր աշխատում են համայնքային կառույցներում՝ ՀՈԱԿ-ներում, ապարատում, թող մտավախություն չունենան, որ կադրային ջարդ է լինելու։ Չի լինելու նաև այնպես, ինչպես որոշ քաղաքական գործիչներ էին անում՝ մեզ ընտրել եք, չեք ընտրել, կապ չունի՝ մեզ ընտրել են, թե ոչ։ Համայնքը մեծ համայնք է, և բացառապես բոլորը մեր բնակիչներն են»,- հայտարարել էր Ղումաշյանը։
Նշենք, որ Արտուշ Աբելյանը դեկտեմբերի 8-ին է դիմում ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին և այդ մասին տեղեկացրել Ֆեյսբուքում։ Զետեղելով իր ու Թամազյանի համատեղ լուսանկարը՝ Աբելյանը մասնավորապես գրել է. «Աշխատանքս սկսել եմ պարոն Թամազյանի հետ և այլ տարբերակ չեմ տեսնում, քան նրա հետ հեռանալը։ Կեղծ ժողովրդավարություն քարոզող և «բեզպրիդել» կառավարման համակարգ ունեցող քաղաքական թևի հետ երբեք չէի աշխատի՝ դա սկզբունքային հարց է»։ Նկատենք, որ Աբելյանը նախկինում եղել է ավագանու անդամ, «Զարթոնք» կուսակցության համամասնական ցուցակով էլ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու։ Նա, ի դեպ, Ֆեյսբուքում հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոշտ, անպարկեշտ գրառումներով և վերջինիս հրաժարականը պահանջողների «ազատագրական ջոկատի» անդամ է։
Ազատման դիմում ներկայացրած համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Սասուն Վարդումյանը, որը Հայ ազգային կոնգրեսի անդամ է, Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ է ներկայացրել դիմումը, և հավելեց. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, մենք քաղաքական ղեկավարման հուշագիր ունենք «Ապրելու երկիր»-ի հետ։ Փաստացի այդ հուշագիրն այլևս ակտուալ չէ, և ես հարմար չգտա շարունակել պաշտոնավարումս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Սա իմ կողմից կայացված քաղաքական որոշում է։ Ազատվել եմ իմ դիմումի համաձայն»։
Նշենք, որ համայնքի ղեկավարի երկու տեղակալները նշանակվել էին հունվարի 3-ին, համայնքի ղեկավարի որոշմամբ, մինչդեռ հիշյալ պաշտոնում նշանակվելու հարցը պետք է հաստատվեր ավագանու կողմից՝ ինչպես ՏԻՄ օրենքն է պահանջում։
«ՏԻՄ օրենքում կա հակասություն, մի կետով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը նշանակում է համայնքի ղեկավարի տեղակալներ՝ բացառությամբ առաջին տեղակալի, որին ընտրում է ավագանին, իսկ մի քանի կետ ներքևում նշվում է, որ համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ղեկավարի տեղակալների թեկնածություններ, ավագանին քվեարկում է «այո» կամ «ոչ», երկու անգամ «ոչ» քվեարկելու դեպքում համայնքի ղեկավարը իրավասու է տվյալ անձին նշանակել համայնքի ղեկավարի տեղակալ։ Օրենքի կետերի տարաձայնություններ կան։ Էս գործով ամռանը, եթե չեմ սխալվում՝ օգոստոսին, ՀԿ-ներից մեկը բողոք էր ներկայացրել Քննչական կոմիտե, մեզ քննչականը կանչել է, ես այնտեղ ցուցմունք տվել եմ, բայց հետո գործ հարուցվել է, թե ոչ՝ տեղյակ չեմ»,- նշեց Վարդումյանը։ Նրա հավաստմամբ՝ քննչական մարմին է կանչվել նաև համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Իսկ թե ինչպես է մեկնաբանել համայնքի ղեկավարի տեղակալներին, փաստորեն, օրենքի խախտմամբ նշանակելու իր որոշումը, Վարդումյանը նշեց. «Որքանով տեղյակ եմ՝ ինքն էլ է նույն կերպ մեկնաբանել՝ առաջնորդվել է ՏԻՄ օրենքի՝ իմ կողմից նշված կետով և ասել, որ իրավասու է եղել համայնքի ղեկավարի տեղակալներ նշանակել»։
Ըստ ամենայնի, Թամազյանը առաջնորդվել է ՏԻՄ օրենքի նախկին կարգավորումներով, մինչդեռ ՏԻՄ գործող օրենքը սահմանում է՝ «համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից»: Նշենք, որ նույն կարգավորումն է նշված նաև Ալավերդի համայնքի ավագանու կանոնադրության մեջ, որի տակ հենց ՏԻՄ օրենքը յուրովի մեկնաբանող Թամազյանի ստորագրությունն է։
Ի դեպ, նկատենք, որ թեև Վարդումյանն ու Աբելյանը հունվարից սկսած պաշտոնավարել են որպես համայնքի ղեկավարի տեղակալներ, սակայն ամիսներ անց, հունիսի 22-ին տեղի ունեցած և դրան հաջորդած ավագանու բոլոր նիստերի օրակարգերում ներառված է Աբելյանին և Վարդումյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը։ Ինչպես է ստացվել, որ նրանք պաշտոնավարել են, աշխատավարձ ստացել, սակայն ամիսներ անց միայն Թամազյանը որոշել է նրանց պաշտոնի նշանակելու հարցը բերել ավագանու օրակարգ։ Վարդումյանը նշեց, որ մարզպետարանից համայնքապետարան ստուգումների են եկել, և դրանց արդյունքում էլ բացահայտվել է օրենքի խախտումը, որից հետո բողոք է ներկայացվել։ «Բողոքից հետո Թամազյանը որոշել է մեր նշանակման հարցը նաև ավագանիով անցկացնել, ինչը չի հաջողվել»,- նշեց համայնքի ղեկավարի նախկին տեղակալը՝ «չի հաջողվել» ասելով նկատի ունենալով այն, որ ավագանու նիստերին քվորում չի ապահովվել, և հարցը այդպես էլ ավագանու կողմից չի հաստատվել։
Վարդումյանը նշեց նաև, որ ՔՊ-ի կողմից ավագանու նիստերը բոյկոտելու պատճառը եղել է հենց այս՝ համայնքի ղեկավարի տեղակալների նշանակման հարցը ավագանու նիստերի օրակարգ ներառելը։ «ՔՊ-ն ավագանու նիստերին չմասնակցելու վերաբերյալ գրավոր բացատրության մեջ որպես հիմնական պատճառ նշել է համայնքի ղեկավարի երկու տեղակալների նշանակման հարցը»,- պարզաբանեց Վարդումյանն ու հավելեց՝ ավագանին երբ նոր էր սկսել աշխատանքը, ՔՊ-ն նիստերին ներկայանում էր և թեև «Ապրելու երկիր»-ի հետ շատ հարցերի վերաբերյալ ունենում էր հակադիր դիրքորոշում, սակայն բուռն, բայց կառուցողական քննարկումների արդյունքում հնարավոր էր լինում գալ ընդհանուր հայտարարի։
Ի դեպ, ավագանու նիստերը բոյկոտելու նույն պատճառը մեզ հետ զրույցում նշել էր նաև Դավիթ Ղումաշյանը նախքան համայնքի ղեկավար ընտրվելը տված հարցազրույցում։ «Ոչ, մենք արդեն 8 ամիս է՝ ասում ենք մի բան՝ ավագանու քննարկվող հարցերից հանեք համայնքի ղեկավարի երկու տեղակալների հարցը, որոնք այս տարվա հունվարին են նշանակվել ու ապօրինի, առանց համայնքի ավագանու, նույնիսկ՝ առանց համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության թույլտվության։ Այսինքն՝ համայնքի ղեկավարը կամայականորեն իրեն երկու տեղակալ է նշանակել, որոնց «կողմ», «դեմ» քվեարկությունը պետք է աներ ավագանին։ Մենք ընդամենն ասել ենք՝ եղբա՛յր, հանեք այս երկու տեղակալների հարցը, մենք կգանք և կքվեարկենք մնացած հարցերին։ …Հետագայում իրենց բերած հարցերի օրակարգում միշտ եղել է տեղակալների նշանակման հարցը։ Մենք էլ ասել ենք՝ չենք մասնակցելու նման նիստերի, քանի որ դա կոնկրետ արհամարհանք է մեր հանդեպ։ Դա արհամարհանք է ոչ թե անձերի, այլ մեր ընտրողների հանդեպ»,- նշել էր Ղումաշյանը։
Հ. Մանուկյան
