Մարդկայնորեն բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը. վարչապետը հանդիպել է վերադարձած շիրակցի գեгիների հարազատների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:

Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:

«Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր:

Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,- ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:

Գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը գործադրած ջանքերի համար:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի13-ին, Բաքուն վերադարձրել էր 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողների և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայողի:

Բաքվից վերադարձած 32 գերիներից 26-ը Շիրակի մարզից են: Զինծառայողները գերեվարվել էին 2022 թվականի դեկտեմբերի 15-ին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը տեղի էր ունեցել Ղազախ-Իջևան սահմանին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ, Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի գերիների:

Կիսվել սոց․ ցանցերում