«Հորիզոն Եվրոպա». Ի՞նչ հնարավորություններ կան հայ գիտնականների համար

Եվրոպական միության հետազոտական և նորարարական նախագծերի «Հորիզոն Եվրոպա» իններորդ շրջանակային ծրագրի շրջանակում Հայաստանում ներկայումս ծրագրեր են իրականացնում 11 գիտական խմբեր և կազմակերպություններ: Եվս մի քանի կազմակերպություններ դիմել են դրամաշնորհների և սպասում են մրցույթի արդյունքներին։ Այս մասին NEWS․am Tech-ի հետ զրույցում ասաց Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը։

Նա հավելեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցելու առումով հայ գիտնականների ակտիվությունն ավելի ցածր է, քան «Հորիզոն2020» ծրագրի ժամանակ, և դրա համար կան մի շարք օբյեկտիվ պատճառներ. Հայաստանի համար վերջին երեք տարիները շատ դժվար ու իրարանցումներով լի էին, ակտիվ գիտնականների թիվը  նվազել է, «Հորիզոն Եվրոպա» նախագծերին մասնակցելու համար անհրաժեշտ են նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից լաբորատորիաներ։

Տիգրան Արզումանյանը, սակայն, կոչ է անում հայ գիտնականներին ավելի ակտիվ մասնակցել այս ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում հայտերի պատրաստման և ներկայացման հարցում։ Ավելին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր նոր դրամաշնորհային ծրագրերը կառուցում է նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված են եվրոպական ծրագրերը, որպեսզի հայ գիտնականները միջազգային դրամաշնորհների դիմելու փորձ ձեռք բերեն ազգային մրցույթների ժամանակ։ Միևնույն ժամանակ, Կոմիտեի մրցույթներից մեկն ուղղված է թանկարժեք սարքավորումների ձեռք բերմանը, ինչը մեր գիտնականների համար մեծացնում է Եվրոպական միության ծրագրով ֆինանսավորում ստանալու հնարավորությունները։

Տիգրան Արզումանյանը հիշեցրեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը մեկնարկել է 2021-ին՝ փոխարինելով «Հորիզոն2020»-ին։ Այն կտևի մինչև 2027-ը, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 95,5 միլիարդ եվրո։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից և նպատակ ունի իրականացնել ԵՄ ռազմավարական առաջնահերթությունները։ Մասնավորապես, այն ուղղված է կանաչ և թվային փոխակերպմանը, կյանքի որակի բարելավմանը, ԵՄ արդյունաբերական մրցունակության և նորարարության խթանմանը, ողջ Եվրոպայում հետազոտողների համար առաջատար փորձի հասանելիության մակարդակի բարձրացմանը, լայն մասնակցությանն ու համագործակցության խթանմանը:

Ծրագրի հիմնական մասնակիցներն են ԵՄ անդամ երկրները և «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված երկրները։ Մրցույթների մեծ մասը բաց է նաև միջազգային գործընկերների մասնակցության համար՝ երկրների, որոնք չեն պատկանում այս երկու կատեգորիաներին:

Հայաստանը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված 18 երկրներից մեկն է, հետսովետական երկրներից դրանց մեջ են նաև՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաեւ այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսին Մեծ Բրաիտանիան եւ Իսրայելն են։  Սա հայ գիտնականներին հնարավորություն է տալիս մասնակցելու «Հորիզոն Եվրոպայի» բոլոր ծրագրերին։ Դրա համար հայկական գիտական կազմակերպությունները պետք է գործընկերներ գտնեն ԵՄ երկրներում և ստեղծեն կոնսորցիումներ։ Կոնսորցիումը հիմնականում պետք է բաղկացած լինի  առնվազն երեք ԵՄ անդամ կամ ասոցացված երկրների գիտական կազմակերպություններից։

Ծրագրի երեք հիմնասյուներն են (pillar)՝ «Գերազանց գիտություն» (Excellent science), «Համաշխարհային մարտահրավերներ և եվրոպական արդյունաբերական մրցունակություն» (Global Challenges and European Industrial Competitiveness) և «Նորարարական Եվրոպա» (Innovative Europe)։

Եվրոպականից ցածր գիտական և նորարարական ցուցանիշներ ունեցող երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը, կա հատուկ ծրագիր։ Այն կոչվում է «Մասնակցության ընդլայնում և Եվրոպական հետազոտական տարածքի հզորացում» (Widening Participation and Strengthening the European Research Area) և ուղղված է նման երկրների գիտական և նորարարական կարողությունների բարելավմանը։ Տիգրան Արզումանյանի խոսքով՝ Հայաստանի գիտական կազմակերպությունների ստացած դրամաշնորհները հիմնականում ստացվել են այս ծրագրի շրջանակում։ Ամենախոշոր ծրագիրը՝ 2 մլն եվրո ֆինանսավորմամբ, ներկայումս իրականացվում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում։

«Ընդլայնման ծրագրին մասնակցելը ի համեմատ «Հորիզոն Եվրոպա» մյուս ծրագրերի ավելի հեշտ է։ Ուստի հայկական գիտական կազմակերպությունների համար այս անվանակարգում դրամաշնորհներ ստանալն ավելի դյուրին է, սակայն պետք է ձգտել մասնակցել  արդիական հետազոտություններ իրականացնող նախագծերի, որի համար կարծում եմ համապատասխան նախադրյալներ և փորձառություն որոշ մեր կազմակերպություններ արդեն ունեն»,- ասաց նա։

Տիգրան Արզումանյանը հավելեց, որ, հայ գիտնականների համար կարող են  գրավիչ լինել այնպիսի թեմատիկ կլաստերները, ինչպիսիք են,  մասնավորապես՝ առողջապահությունը, թվայնացումը, կլիման և էներգետիկան, պարենը, կենսատնտեսությունը, բնական ռեսուրսները, գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրը, մշակույթը և ներառական հասարակությունը։

Մարի Սկլոդովսկա-Կյուրիի անվան ծրագիրը (Marie Skłodowska-Curie actions) եւս կարող է գրավիչ լինել Հայաստանի գիտնականների համար։ Այն ուղղված է տաղանդներ գտնելուն և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի բազայի ձևավորմանը։ Այս ծրագիրը նախատեսում է ցանցերի ստեղծում դոկտորանտների վերապատրաստման, հետդոկտորական կրթաթոշակների և կադրերի փոխանակման համար: Այսինքն՝ այս դրամաշնորհի շրջանակում հայ գիտնականները կարող են որոշ ժամանակ աշխատել ԵՄ երկրների գիտական հաստատություններում։

Ըստ կենտրոնի տնօրենի՝ «Հորիզոն Եվրոպա»  նախագծերի տևողությունը սովորաբար երեքից հինգ տարի է, ֆինանսավորման չափը կարող է լինել 500 հազարից  մինչև 20-30 միլիոն եվրո, կախված  նախագծի մասշտաբից և մասնակիցների թվից։ Մրցույթները հայտարարվում են նախապես հասանելի աշխատանքային ծրագրերի համապատասխան։

Տիգրան Արզումանյանը ներկայացրեց, թե իրենց կենտրոնը կոնկրետ ինչ աջակցություն է ցուցաբերում հայաստանցի գիտնականներին ԵՄ շրջանակային ծրագրին մասնակցելու համար։

Նախ՝ պարբերաբար կազմակերպվում են տեղեկատվական միջոցառումներ հայ գիտնականներին «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակում իրականացվող ծրագրերին ծանոթացնելու նպատակով։ Մասնավորապես, վերջերս ԳԱԱ-ում Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ նման միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին «Հորիզոն Եվրոպա»-ի հնարավորություններն ու նպատակները։

2024-ի հունվարի վերջին տեղի կունենա դասընթաց, որի ընթացքում մեր գիտնականներին կսովորեցնեն, թե ինչպես պետք է ներկայացնել հայտերը։ «Մեկ շաբաթյա միջոցառման շրջանակում նախատեսված են նախագծեր գրելու հմտությունների զարգացման ընդհանուր դասընթացներ, ինչպես նաև, խորհրդատվական աջակցություն կոնկրետ նախագծի գաղափարներ ունեցող գիտնականների համար։  Եվրոպացի գործընկերները նրանց օգնելու են, թե ինչպես գրել նախագիծը, ինչպես հասցնել մինչև ներկայացման աստիճան»,- ասաց նա։

Երկրորդ՝ կենտրոնն առաջարկում է եվրոպացի փորձագետների ներգրավմամբ պրեսկրինինգի (հայտերի նախնական ստուգման) հնարավորություն հայաստանյան հայտատուների համար՝ նախքան դրանք ներկայացնելը: Փորձագետները կարող են խորհուրդ տալ, թե ինչպես բարելավել հայտը հաջողության հավանականությունը բարձրացնելու համար:

Երրորդ՝ Կենտրոնը դրամաշնորհներ է տրամադրում հայ գիտնականներին, այսպես կոչված, բրոքերային միջոցառումների մեկնելու համար, որոնց ընթացքում նրանք կարող են գործընկեր գտնել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին համատեղ մասնակցելու համար:

«Յոթ գիտնական արդեն ստացել է դրամաշնորհ տարբեր բրոքերային միջոցառումների մասնակցելու համար, երեք նախագիծ ստացել է պրեսկրինինգի աջակցություն, սպասում ենք արդյունքներին։ Այս աջակցման գործիքները հասանելի կլինեն մեր հայտատուներին հաջորդ տարվա ընթացքում նույնպես  և հորդորում եմ ակտիվորեն օգտվել այս հնարավորություններից»,- ասաց նա։

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի մանրամասներին և աջակցման գործիքներին կարելի է ծանոթանալ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայքում: https://sipac.am/hy/horizon-europe/

Կիսվել սոց․ ցանցերում