Գնդшկпծվել է Գшզшյի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը. Հռոմի Պապը դատապարտել է կատարվածը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:

Այս մասին հաղորդում է «Vatican News»-ը։

«Եկեք չմոռանանք պատերազմներից տառապող մեր եղբայրների ու քույրերի մասին՝ Ուկրաինայում, Պաղեստինում, Իսրայելում և այլ հակամարտությունների գոտիներում: Քանի մոտենում է Սուրբ Ծնունդը, եկեք փորձենք ավելի մոտեցնել խաղաղությունը: Ես շարունակում եմ շատ տխուր լուրեր ստանալ Գազայից: Անմեղ խաղաղ բնակիչները ռմբակոծությունների և կրակոցների  զոհ են դառնում:

Եվ դա տեղի ունեցավ նույնիսկ Սուրբ ընտանիքի ծխում, որտեղ ահաբեկիչներ չկան, այլ երեխաներ ունեցող ընտանիքներ և հաշմանդամներ, միանձնուհիներ: Մայր ու դուստր զոհվեցին, մյուսները վիրավորվեցին դիպուկահարների արձակած կրակոցից: Վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը: Այո, սա պատերազմ է, ահաբեկչություն»,- ասել է պոնտիֆիկոսը։

Ֆրանցիսկոսը կիրակի նշում է իր 87-ամյակը։ Վերջին մեկ տարում նա մի քանի անգամ հիվանդացել է։ Այնուամենայնիվ, վերջերս մեքսիկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ևս մեկ անգամ հաստատել էր, որ չի պատրաստվում հրաժարվել պապական գահից:

Միաժամանակ, ինչպես իր նախորդ Բենեդիկտոս 16-րդը, արդեն պատրաստել է իր թաղման վայրը՝ Սանտա պապական Մարիա Մաջորե (Մեծ Աստվածամայր) բազիլիկներից մեկում։ Նաև  պարզեցրել է Հռոմի պապի հուղարկավորության ծեսը։

Կիսվել սոց․ ցանցերում