ՀՀ ոչ բոլոր բուհերն են համաձայնել Արցախի ուսանողների համար հեռավար դասեր կազմակերպել։ Այս մասին տեղեկանում ենք MediaHub-ից։
Լրատվամիջոցի հետ զրույցում արցախցի ուսանողները ասել են, որ վերջիններս այցելում են ԿԳՄՍ նախարարություն և դիմում լրացնում, ներկայացնելով փաստաթղթեր, որ ընդունվել են Արցախի տարածքից դուրս որևէ բուհ և սպասում իրենց հերթին, որպեսզի ռուս խաղաղապահները իրենց տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն։ Զրուցակիցը նշել է, որ տեղեկացվել են, որ առաջնային տեղափոխելու են ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարան ընդունված ուսանողներին նույնպես արտոնություն է տրվելու։
«Հեռավար կրթության վրա հույս անգամ դնել չենք կարող, քանի որ ինտերնետ կապի բացակայությունը և լույս չլինելու հանգամանքը միանշանակ թույլ չեն տա, որպեսզի մենք անցկացնենք մեր դասերը, բացի այդ՝ ՀՀ ոչ բոլոր բուհերն են համաձայնություն տվել Արցախի ուսանողների համար հեռավար դասեր կազմակերպել»,- հավելել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, ՌԴ խաղաղապահները Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացի են տեղափոխել Արցախից Հայաստան, սակայն քաղաքացիներին հասցրել են մինչև Հակարիի կամուրջ և քաղաքացիները իրենց ուղեբեռով ոտքով են անցել Հակարիի կամուրջն ու հասել մյուս կողմում իրենց սպասող մեքենաներին: Տեղափոխվել են ՌԴ քաղաքացիներ և ուսանողներ, ովքեր ընդունվել են ՀՀ կամ արտասահմանյան բուհեր։