Գրականագետ, ԵՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանը գրում է.
«Նահանջը առանց երգի» վեպի սկզբում Շահան Շահնուրը գրում է, որ Պետրոս-Պիեռը աշխատում էր փարիզյան մի լուսանկարչատանը։ Այն գտնվում էր «Սէն Ժէռմեն տէ Փռէի եկեղեցիին ճիշտ դէմը»։ Ինչպես վկայում է փարիզաբնակ գրող Քրիստիան Բատիկեանը, Զարեհ Որբունին 1970-ական թթ․ Գրիգոր Պլտեանին ցույց է տվել այդ շենքը, որտեղ գործող լուսանկարչատանը 1920-ական թվականներին իրականում աշխատել է Փարիզում նոր հաստատված լուսանկարիչ Շահան Շահնուրը։
Սեն Ժերմեն պողոտայի 147 հասցեում գտնվող անկյունային շենքում լուսանկարչատունը զբաղեցնում էր երկու հարկ։ Վերևում արվեստանոցն էր, առաջին հարկում՝ խանութը։ Ապակյա բարձր ցուցափեղկերից մեկի հետևից նայում է Պիեռին սիրահարված դեռատի ֆրանսուհի Փըթիթ Լիզը՝ «պզտիկ, նուրբ աղջիկ մը որ քիթը փակցուցած ապակիին, մատովը կը թմբկահարէր»։
Լուսանկարչատան դիմացի մայթին Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցին է, որի զանգակատան զարկերը վեպում հնարավոր է լսել միայն երեկոյան, «երբոր փողոցի աղմուկները բաղդատաբար կը նուազին»։ Իսկ լուսանկարչատան մայթին՝ անկյունային բարձր լուսամուտների դիմաց, Դիդրոյի արձանն է, որ նույնպես հիշատակված է «Նահանջը առանց երգի» վեպում։
Ներկայումս շենքում գործում են դրամատուն և զարդերի խանութ։
․․․Փարիզ, Սեն Ժերմեն, 25.07.2023

