Կոլումբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը երկար հարցազրույց է տվել երկրի առաջատար լրատվական NTN24 հեռուստաալիքին։
Ինչպես հաղորդել է AZERTAC-ը, Ադրբեջանի փոխարտգործնախարարը կոչ է արել Ֆրանսիային չհրահրել Հայաստանին նոր պատերազմի: Նա մանրամասն տեղեկություններ է տվել ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին։
Փոխնախարար Էլնուր Մամեդովն ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Կոլումբիայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ համագործակցության խորացմամբ։ Նա ասել է, որ Բոգոտայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի քննարկմանը զուգընթաց տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության զարգացման շուրջ, այդ թվում՝ հումանիտար ականազերծման։
Դիվանագետը նշել է, որ ադրբեջանական հողերը ոչ միայն երկար տարիներ տուժել են հայկական օկուպացիայի ծանր հետևանքներից, այլև զանգվածաբար ականապատվել։
Մանրամասն տեղեկություններ տրամադրելով հայկական ականների ահաբեկչության հետևանքների մասին՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ Կոլումբիան, որը ականների սպառնալիքի դեմ պայքարի մեծ փորձ ունի, այս ոլորտում համերաշխություն կցուցաբերի Ադրբեջանի հետ։
NTN24-ին տված հարցազրույցում Էլնուր Մամեդովը խոսել է նաև Ադրբեջանի խաղաղ օրակարգի, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, վերջնական խաղաղ համաձայնագրի կնքման բանակցությունների և ձեռք բերված առաջընթացի մասին։ Ընդգծվել է, որ այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված են եղել բացառապես ապօրինի զինված անջատողական խմբավորումների դեմ, և որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու և ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու համար։
Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստանին պաշտպանական և հարձակողական զինատեսակներ մատակարարող Ֆրանսիայի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հասնելուն։ Նա Ֆրանսիային կոչ է արել զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և Հայաստանին նոր պատերազմի չհրահրել։
