Կարծես ոչ թե 1920 թվականի նոյեմբերի, այլ 2023 թվականի՝ մեր օրերի տեքստ լինի
Խատիսյանի հուշերից՝ 1920 թվականի նոյեմբեր. ինչու այս ռուսները այժմ, ասում են, ուրիշ ռուսներ են դարձել
Բնածին ժողովրդական հոգով ազգաբանակչությունը ըմբռնում էր տարբերությունը այն ռուսների, որոնց հետ միասին ինքը կռիվ էր մղել 1914-1918 թվերին թուրքերի դեմ, և այս ռուսների, որոնք թուրքերի հետ միասին կռվի էին գալիս Հայաստանի դեմ: Մեր ժողովուրդը չէր կարող մարսել Արևելքում ռուսների պատմական դերի այդ փոփոխությունը: Նրա համար ռուսը դարերի ընթացքում եղել էր իր բարեկամն ու, միևնույն ժամանակ, թուրքի թշնամի: Իսկ այսօր, հակառակը, նա դարձել էր թուրքերի բարեկամ և իր թշնամին: Եվ մեր ժողովուրդը չէր հավատում այդ փոփոխությանը ու կարծում էր, որ բոլշևիկները ինչ-որ «ուրիշ ռուսներ» են:
Ես եկել եմ այն անխախտ համոզմանը, որ դաշնակիցները լքեցին Հայաստանը, որ թուրքերը դրանից լայնորեն օգտվեցին, բայց թուրքերի գլխավոր զինակիցները բոլշևիկներն էին, որ ուժ ու հնարավորություն տվեցին թուրքերին՝ հարձակվելու Հայաստանի վրա: Դա անվիճելի փաստ է: Փաստ է նույնպես, որ իրար օգնելուց հետո, իրար մեջ բաժանեցին Հայաստանը: Բոլշևիկները դա արեցին Հայաստանի հանդեպ ոչ թե առանձին թշնամությունից, այլ դրդված իրենց «համաշխարհային» քաղաքականությունից, որի համար նրանք պետք էին զգում շահել թուրքերի բարեկամությունը՝ զոհաբերելով Հայաստանը: Եվ բոլշևիկները թուրքերին տվեցին այն, ինչ որ նրանք ուզում էին՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, մնացածը, ինչ որ թուրքերին պետք չէր, այսինքն՝ հայերով բնակեցված շրջանները, ռուսները վերցրեցին իրենց:
