Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են երգչի հարազատները, ընկերներն ու երկրպագուները:
«Մարդիկ կան, որ կյանքի ընթացքում որոշակի արժեք ու անուն են թողնում, և կան մարդիկ, որոնց դրա համար մի ամբողջ կյանք է պետք, իսկ մարդիկ էլ կան՝ փոքր կայնքն էլ է հերիք ինչպես Արային: Նրա մասին չեմ ուզում անցյալով խոսել, ոչ մի կերպ մտքերս չի ձևակերպվում այդպես»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հումորիստ Գարիկ Պապոյանը
Ըստ Պապոյանի, Արայի կորուստը միայն իր ընտանիքի ու ընկերների կորուստը չէ: Արան շատ մեծ կորուստ էր և նրա թողածը որպես երաժշտական ժառանգություն, չի ունեն կարճ կյանք, ինչպիսին Արայի ապրած կյանքը եղավ:
«Արային միշտ սպասել ենք հյուրի կարգավիճակով «Վիտամին ակումբում», «32 ատամ»-ում: Նա ինձ համար միշտ եղել է մի մարդ, մի երգիչ, ում հետ հանդիպմանը երկար եմ սպասել, նա եղել է մի մակարդակի արտիստ, ում տեսնելուց ես լարվել եմ անգամ էն ժամանակ, երբ արդեն ոլորտում էի:
Մեր հանդիպման միջավայրերը միշտ եղել են գործնական, որտեղ նրա արվեստն էր կարևորված:
Արան ինձ համար եղել է յուրահատուկ ընկեր, ով իմ առանձին փոքրիկ երգարվեստի նկատմամբ ուշադիր է եղել և իր գնահատականներով, խորհուրդներով: Վերջին անգամ օրեր առաջ եմ տեսել, համալիրում մրցանակաբաշխություն էր, հեռացել եմ կրկին հանդիպելու ակնկալիքով:
Արան ֆանտաստիկ մարդ էր: Մենք երկար տարիներ չենք կարողանալու Արային մինչև վերջ ճանապարհել»,- ասաց Պապոյանը:
Հիշեցնենք՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:
