Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում, «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել է և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի աջ և ձախ կողմերում բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշները ու եթե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը այս դեպքից հետևություններ չանի և կարճ ժամանակում պաշտպանիչ արգելապատնեշներ չտեղադրեն, հնարավոր է նման դեպք նորից լինի ու եթե այս անգամ երջանիկ պատահականությամբ վթարը ծանր ավարտ չունեցավ, ապա, ինչպես ժողովուրդն է ասում, չես կարող չասել, որ «պապն ամեն անգամ փլավ չի ուտում»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/12/19/1252337
