Նախքան Ադրբեջшնի՝ ռшզմшկшն գործողություններ սկսելը՝ ռուսական կողմից միշտ տարօրինակ գործողություններ են եղել. Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսեց ռուսական կողմին վերաբերող մի շարք հարցերի մասին:

Մասնավորապես նա անդրադարձավ դիտարկանը, թե վարչապետը, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում թվարկելով ռուս պաշտոնյանների այցն ու սահմանային լարվածության ժամանակագրությունը, մեղադրել է ռուսական կողմին ռազմական սադրանքներ հրահրելու համար։

«Ընկալման հարց է, ցանկացած բանական մարդ, փաստերը ընկալելով, ինքն է որոշում, թե ինչպես դա մեկնաբանի։ Ես չեմ հասցրել ամբողջական դիտել վարչապետի ելույթը, բայց ունեմ իմ կարծիքը։ Վարչապետի ներկայացրած փաստագրական տվյալները ամբողջապես համընկնում են. որոշակի տարօրինակ գործողություններ եղել են միշտ ռուսական կողմից նախքան Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը։ Թեև ՌԴ-ն մի շարք պարտավորություններ ունի ՀՀ անվտանգության պահպանման մասով, ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ անշուշտ, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով, կախվածությունը մեծ է թե՛ տնտեսական, թե՛ այլ հարցերով, սակայն ՀՀ-ն պետք է բոլոր դեպքերում պահի իր շահը. «Մենք ՌԴ-ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակը ավելի բարձրացնել ամեն առումով, բայց պետք է ՀՀ-ն ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենանք, որ պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետություններ, ի կատար ածվեն»։

Կիսվել սոց․ ցանցերում