Տարվա ավարտին և Նոր տարվա գալստին հաշված օրեր են մնացել: Ավանդույթի համաձայն՝ մարդիկ տարեմուտը դիմավորում են լի տոնական սեղաններով՝ փորձելով դրանք հնարավորինս ամբողջացնել տարատեսակ ուտեստներով:
Խանութներում և առևտրի կետերում արդեն նկատելի են գնումներ կատարողների հերթեր, սակայն վաճառողները դեռ չեն շտապում փաստել, որ սկսվել է նախատոնական եռուզեռը։
«Հայկական ժամանակ»-ը շրջայց է կատարել Երևանի մի քանի առևտրի կետերով՝ հասկանալու, թե ինչպես է ընթանում տոնական առևտուրը։
Շրջայցի ընթացքում նկատեցինք, որ խանութները հիմնականում գերծանրաբեռնված են ցերեկային ժամերին, որը մեզ հետ զրույցում փաստեցին նաև մի քանի սուպերմարկետների աշխատակիցներ։ Նրանց խոսքով, սակայն, առևտուր լինում է նաև երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքն ավարտում են:
Ինչ վերաբերում է ապրանքների գներին, օրինակ՝ Ամանորին ամենապահանջված մրգերից մեկը՝ մանդարինը, հնարավոր է գնել 430-ից մինչև 750 դրամի սահմաններում, խնձորը՝ 300-350 դրամի, իսկ նարինջը՝ 600 դրամի: Ընդեղենից ամենապահանջվածը պնդուկն ու պոպոկն են: Պնդուկ կարելի է ձեռք բերել մեկ կիլոգրամը 3500 դրամի սահմաններում, իսկ պոպոկի արժեքը սկսում է 5000-ից՝ հասնելով 8 և անգամ 10 հազար դրամ:
Խանութներից մեկի աշխատակիցը, որ մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց խանութում հիմնականում ընդեղենն է արագ սպառվում։ Նրա խոսքով՝ մարդիկ նախընտրում են առաջինը գնել բարձր գնային արժեքներ ունեցող ապրանքները, հետո՝ մնացածը։
«Մրգերը նույնպես ակտիվ վաճառվում են, անանասին (արքայախնձոր) այս տարի այդքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Նախորդ տարվա համեմատ ընդեղենի որոշ տեսակների արժեքները նույնն են, որոշներինը բարձրացել են։ Այս տարի բավականին թանկ է մանդարինը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք իր բյուջետայինի հաշվով է գնումները կատարում, դրա հետևանքով մի քաղաքացու գնումները կարող են հասնել մինչև 250-300, մյուսինը՝ չգերազանցել 100 հազար դրամը»,- ասաց նա:
Խանութների աշխատակիցների խոսքով՝ հերթերը հաճախ գոյանում են նաև այն պատճառով, որ մեր երկրում մեծ թվով զբոսաշրջիկներ կան, որոնք ևս իրականացնում են գնումներ: «Մեծ ակտիվություն վերջին մի քանի օրվա ընթացքում է լինում։ Մարդիկ փորձում են ոչ շատ ճոխ, բայց բավարար սեղան ապահովել»,- նշեցին խանութների աշխատակիցները:
Նախատոնական առևտրից, սակայն, դժգոհ են Երևանի փողոցներում առևտրող զբաղվողները․ մեզ հետ զրույցում վերջիններս ասացին, որ դեռևս չեն կարողացել ապահովել իրենց ծախսը, քանի որ հատկապես այս ամիս քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները ամեն օր գալիս են և իրենց հեռացնում տարածքից։
Նկատեցինք, որ նրանց մոտ առկա ապրանքների գները մեծ մասամբ չէին տարբերվում խանութում առկա ապրանքների գներից․ մանդարինը, օրինակ, վաճառում են 600 դրամով, պնդուկի մեկ կգ-ի արժեքը 3000 դրամ է, ընկույզինը՝ 5000:
«Մենք գյուղացիներից պարտքով առնում ենք, բերում այստեղ վաճառում, բայց քաղաքապետարանից մարդիկ գալիս են խլում ապրանքները, մեզ էլ ասում են՝ գնացեք այստեղից, բայց ո՞ւր գնանք։ Չեն թողնում Նոր տարվա առևտրի գումար ունենանք։ Ես ամբողջ կյանքս այստեղ եմ առևտուր արել»,- դժգոհեց առևտրականներից մեկը։

Մեր այցելության պահին նրանց մոտ առկա ապրանքները համեմատաբար քիչ էին: Վերջիններս դա պարզաբանեցին նրանով, որ տեղեկություն ունեին՝ քաղաքապետարանի աշխատակիցները նորից են գալու, այդ պատճառով ապրանքների մի մասը կա՛մ թաքցրել էին, կա՛մ, նրանց խոսքով, շատ էժան գնով վաճառել․ «Աչքներս անընդհատ ճանապարհին է, նայում ենք, որ չգան, գալու դեպքում էլ առգրավում են, արկղերով վերցնում մեր ապրանքը»։
Մենք նաև փոքր հարցում անցկացրինք քաղաքացիների շրջանում․ նրանցից ոմանք նշեցին, որ ամանորյա գնումները կատարում են դեկտեմբերի 26-27-ին։ Հիմնականում խանութներից են օգտվում, երբեմն էլ՝ շուկայից։ Ոմանք կարողանում են 50 հազար դրամի սահմաններում տոնական սեղան ունենալ, ոմանք էլ՝ 100 կամ 200 հազարից ավելի:
«Չես կարող ասել, որ 10 հազար դրամի սահմաններում լավ առևտուր ես անում: Վերցնում ես, ասենք, մի կգ մանդարին, տանձ, որն արժի 800 դրամ, արքայանարինջ՝ 700 դրամով, արդեն տեսնում ես՝ մոտդ մնաց 100 դրամ, դա էլ, որ նոր ավտոբուսներով մի կերպ տուն հասնես։ Մեր ընտանիքում 3 աշխատող կա, մեկիս աշխատավարձով լույսի ու գազի գումարն ենք վճարում, մյուսինը՝ կենցաղային այլ վճարները, երրորդի աշխատավարձով փորձում ենք առևտուրը անել, կյանքը մեզ մոտ թանկ գին ունի»,- դժգոհեց քաղաքացի Աննա Մանուկյանը։
Մեկ այլ քաղաքացի էլ Նոր տարվա համար նախատեսել է 300 հազար դրամ․ «Եթե նշում ես, պետք է գոնե մարդավարի ու վայել նշես, երեխեքին ուրախացնես։ Դեռ մի քանի գնումներ ունեմ անելու, մրգերը գնում եմ շուկաններից, էնտեղ կարող ես փորձել, գինը իջեցնել, խանութում սակարկող չկա»։