Ինչ ֆիլմեր և սերիալներ են նկարահանվելու Հայաստանում նաև Netflix-ի համար. Արման Նշանյանը մանրամասներ է հայտնում

Հայաստանում այսուհետև նկարահանվելու են արտերկրյա մեծ պրոյեկտներ, որոնից կլինեն նաև Netflix-ի համար նկարահանվող ֆիլմերը և սերիալները, որոնց աշխատանքները նախատեսված են սկսել տարեսկզբին:

«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրեն, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը հիանալի է գնահատում այն, որ Հայաստանի կառավարությունը սահմանել է օրենքի փոփոխությունները ֆիլմերի հետ կապված, և դրանց նկարահանման աջակցության տրամադրումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի կարևոր արձանագրումը, ըստ Նշանյանի, այն է, որ Հայաստանում ֆիլմերի արտադրության համար առաջարկվելու է մինչև 40 տոկոս հետվճար։

«Մեր երկրում մի շարք պրոդյուսերներ ցանկանում էին ֆիլմեր նկարահանել, սակայն գնում էին այն երկրները, որտեղ առաջարկվում էր հետվճար: Այս օրենքով մենք գնում ենք օրինական շուկա։ Հայաստանը լուրջ կինոարտադրության կետ կարող է լինել իր պատմամշակութային վայրերով, լոկացիաներով, և այստեղ ունենք կինոարտադրության ավելի մեծ հնարավորություններ, քան օգտագործվում են։ Այս օրենքը դրանով է կարևոր, որ այդ միտքը ավելի շատ կամրապնդվի տարբեր պրոդյուսերների շրջանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի մինչև 10-40 տոկոս հետվճար, եթե պահպանվեն օրենքով սահմանված նորմերը: Նշանյանի խոսքով՝ այդ նորմերը պահելու են երկու կողմերը։

«Օրինակ՝ այս դեպքում դրսի կազմակերպությունը դիմելու է ինձ, ես կազմակերպելու եմ ամբողջ նկարահանումը Հայաստանում՝ Կառավարության ու կինոկենտրոնի աջակցությամբ, հարկերը վճարում եմ մինչև վերջ, հետո՝ ներկայացնում այդ ամբողջ թղթաբանությունը մեր իրավաբաններին, և հետո պարզ է դառնում, թե այդ հարկերի քանի տոկոսը պետք է հետ վճարի պետությունը։ Սա հարկերից ազատում չէ, այլ՝ հետվճար։ Պետք է հասկանանք, որ ֆիլմարվեստը այսօր ամենահասանելի պրոպագանդային զենքն է, որովհետև սիմվոլիկայի վրա է աշխատում։ Պետք է ընդունենք, որ ֆիլմը ժամանց չէ, և երբ որ հայտնի դերասանը ինչ-որ բան է քարոզում ֆիլմում ու անում, ժողովուրդի մեծամասնությունը դա ընկալում է, ընդունում որպես իրականություն, երեխաները կրկնօրինակում են։ Բայց մեր հեռուստաընկերությունները դրան չեն նայում՝ որպես պրոպագանդա իրականացնելու զենք, իսկ լուրջ հոլիվուդյան և եվրոպական կառույցները հասկանում են, թե ինչ կլինի սցենարի մեջ, որպեսզի մասսայի մեջ իրենց ուզած կարծրատիպը ամրապնդվի»,- պարզաբանում է «Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ այժմ կարևոր է, որ արվեստագետները իրենց սցենարները կազմելուց ճիշտ քարոզչություն տանեն։ Մշակույթի ոլորտի ներկայացուցիչն ասում է, որ այս նոր օրենքը կնպաստի այլ երկրներից այստեղ գալուն և ֆիլմեր նկարահանելուն։ Այս առումով նշանակալից է գերմանացի դերասան և ռեժիսոր Թիլ Շվայգերի կողմից երեք նախագիծ Հայաստանում նկարահանելու մտադրությունը։ Գաղափարը հայտնի դերասանի մոտ ծագել է այն ժամանակահատվածում, երբ Նշանյանի հրավերով եկել է Հայաստան։ Դերասանը ընդգծում է՝ Շվայգերն այնքան է հավանել մեր երկիրը, որ դեռ այդ ժամանակ է մտածել այստեղ իր պրոյեկտները նկարահանելու մասին։

«Այժմ դա հաստատվել է, և դա լինելու է։ Արդեն նախնական բանակցություններ են ընթանում իր հետ, դա հնարավորություն կտա փաստաթղթի միջոցով ցույց տալ, որ ամեն ինչ լուրջ է: Netflix-ը ստուդիա է և ուսումնասիրում է տարբեր ընկերությունների, որ կարողանա ապահովել բովանդակություն իր ալիքի համար»,- մանրամասնում է նա:

«Փիփլ օֆ Ար» ընկերության տնօրենը նաև փաստում է՝ նրանք, ովքեր Հայաստան են ժամանել արտերկրից, մինչ օրս հիացած խոսում են մեր երկրից ու այստեղ առկա նկարահանման անձնակազմերից ու միջավայրից։

Կիսվել սոց․ ցանցերում