Երիցս մերժված ՀՀԿ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների՞․ մարզային այցեր է մեկնարկել նույն մերժված դեմքերով, Շարմազանովն էլ զգուշացնում է՝ եթե իրենք չգան, նոր ԱԺ-ում կլինեն «քաղաքական տրшնսգենդեгիզմի պաշտպան հակառпւսներ»

2024 թվականին իբրև թե սպասվելիք արտահերթ ընտրությունների թեման ակտիվորեն գեներացվում է նախկին իշխանությունների կողմից, սակայն, ինչպես երևում է, գեներացվելուց զատ՝ նաև կոնկրետ գործողություններ են իրականացվում այդ ուղղությամբ։

Մասնավորապես նախկին նախագահներն իրենց (ենթակա) կուսակցություններով  նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ այցելելով մարզային կառույցներ, հանդիպելով տեղի քաղակտիվին և բնակչությանը։ Նկատենք, որ վերջին մի քանի շաբաթներին մարզային այցելություններ է իրականացնում նաև ՀՀԿ-ն. խորհրդարանական փոքրաթիվ խմբակցության անդամներից բացի՝ այցերին մասնակցում են նաև կուսվերնախավի, ՀՀԿ ԳՄ  անդամներ, մասնավորապես՝ Դավիթ Հարությունյան, Սամվել Նիկոյան, Վահրամ Բաղդասարյան, Կարինե Աճեմյան, Արտակ Զաքարյան և այլք։ ՀՀԿ անփոխարինելի և անփոփոխելի  նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, մարզային այցելություններին չի մասնակցում, և ինչպես պաշտոնավարման տարիներին էր  իզոլացված հասարակությունից ու միայն քարոզարշավից քարոզարշավ էր  շնորհ անում ժողովրդին՝ տետ ա տետ շփվելով վերջինիս հետ, այնպես էլ այժմ։  Ժողովրդի հետ շփվի, որ ի՞նչ անի, ասի՝ ա՛յ ապերախտ ժողովուրդ, ինչո՞ւ ինձ մերժեցիր 2018-ին, վատ էի՞ կառավարում երկիրը, հետո՞ ինչ, որ ընտրությունները կեղծում էի՝ թքած ունենալով ձեր կամարտահայտության վրա, զոռով դառնում էի ձեր «նախագան»՝ ամենքիդ 5-10 հազար դրամ ընտրակաշառք տալով, հիմա լավ ա՞, որ էդ 10 հազարի երեսն էլ չեք տեսնում։ Հետո՞ ինչ, որ պետական ունեցվածքի թալանի, համակարգային կոռուպցիայի և պետական ինստիտուտները քայքայող մյուս ախտերի վրա աչք էի փակում,  զատո՞  Ղարաբաղը մերն էր, թեև ԼՂ խնդրի լուծումը 2018-ի հեղափոխության օրերի դրությամբ փակուղում էր, չնայած դեռ  2016-ի ապրիլյանից հետո էի հրապարակավ հայտարարել, որ ազատագրված յոթ շրջանները  պիտի հետ տանք Ադրբեջանին… Ինչևէ։

Նախորդ շաբաթավերջին ՀՀԿ ֆեյսբուքյան էջն ազդարարեց, որ ՀՀԿ ԳՄ անդամները եղել են Արարատի մարզում և հանդիպել Արտաշատի, Վեդիի, Արարատի ՀՀԿ-ի շրջանային կազմակերպությունների  ներկայացուցիչների և հիշյալ համայնքների մի խումբ բնակիչների հետ:

Օրերս էլ ՀՀԿ-ական հերթական շքախումբը՝ Արտակ Զաքարյան, Աննա Մկրտչյան և այլք, հանդիպել էր  Նոր Հաճնի, Եղվարդի, ավելի վաղ նաև Ախուրյանի քաղակտիվի հետ։ ՀՀԿ-ի ագիտպրոպը ազդարարեց. «ՀՀԿ գործադիր մարմնի՝ յոթ մարզեր կատարած այցերի ընթացքում քննարկվել են ամենատարբեր օրակարգային խնդիրներ՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական։ Մարզային այցելությունների նպատակն է հենց տեղում լսել մարդկանց, երկրում առկա իրավիճակի և ստեղծված խնդիրների մասին,  նրանց կարծիքն ու մոտեցումներն իմանալ հնարավոր սպառնալիքները միասնաբար կանխելու և դրանց դեմ պայքարելու համար»։  Մասնավորապես Ախուրյան կատարած այցի ժամանակ կարկառուն ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը փորձել է  վրձնել Նիկոլ Փաշինյանի «կործանարար» կերպարը՝ իրեն հատուկ ոճով ազդարարելով. «Թվում ա, թե էլ ինչ կա կործանելու, էս ա, ամեն ինչ կործանեց, պրծավ։ Չէ, ժողովուրդ ջան, էլի բան կա կործանելու, և ինքը էդ ամեն ինչը, որ կործանելու ա, ինքը անելու ա ձեր ձեռքով, ժողովրդի ձեռքով ու մեղքը ժողովրդի վրա ա քցելու։ Ինքը ասեց՝ պատերազմում ես չպարտվեցի, նախկիններն էին մեղավոր, հետո ժողովուրդն ինձ ընտրեց, ես չեմ կապիտուլյանտը, ժողովուրդը ինձ ընտրեց, ամբողջ աշխարհը տենց էլ հասկացավ, որ ինքը չի, ժողովուրդն ա։ Հիմա ինքը Ղարաբաղը տվեց, հազարամյակների ընթացքում, մարդկությունը ծնվել ա, ընդեղ հայն ա ապրել, ինքը տվել ա, հիմա ինքը էդ բեռի տակ ա, հիմա ինքը ինչ պիտի անի, պիտի ապացուցի, որ ժողովուրդն ա տվել, որ ժողովրդի կամքն ա իրականացրել ու եթե հնարավոր ա, կգնա նոր ընտրությունների, և եթե ընտրվի, կասի՝ ժողովրդի կամքն եմ իրականացրել»։ Փաստորեն, Սամվել Նիկոյանը  ՀՀԿ-ի չիրականացած երազանքի՝ ռևանշի ձախողման համար ժողովրդի վրա է մուննաթ գալիս, թեև ճիշտ կաներ, որ ժողովրդի  ձեռքի մասին շաղակրատանքից հետո ծնկի իջներ նույն ժողովրդի առաջ ու ներողություն խնդրեր որպես ժառանգություն  կործանված պետական ինստիտուտներով  պետություն թողնելու և, ինչպես Դավիթ Հարությունյանն էր հեղափոխությունից հետո անկեղծացել՝ «իշխանության մենաշնորհման» համար,  ապա աղաչեր՝ ոտքդ պաչեմ, հայ ժողովուրդ, եկող ընտրություններին քվեարկության գնալիս հիշիր, որ ՀՀԿ անունով  կուսակցություն էլ կա, որը քո՝ առանց ընտրակաշառքի քվեի կարիքն ունի։

Ի դեպ, 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Ախուրյանում քվեարկությանը մասնակցած 5 464 ընտրողից  «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկել էր 131  ընտրող, իսկ ՔՊ-ի օգտին՝ 3 956-ը։

Հ.Գ. Արտահերթ ընտրությունների կանխատեսումներով, ի դեպ, դեռ ամիսներ առաջ հանդես էր եկել մեկ այլ ՀՀԿ-ական՝  Էդուարդ Շարմազանովը։ Դեռ հուլիսին «24-նյուզի» տաղավարում նա հայտարարել էր. «Նիկոլը գնալու է, 2024-ի գարնանը նա այլևս վարչապետ չի լինելու»։ Հաղորդավարի առաջարկին՝ «եկեք գրազ գանք», ՀՀԿ-ականը դժկամորեն նետել էր. «Ես 5 տարեկան չեմ, որ տենց բաների վրա գրազ գամ։ Դուք էլ (ցուցամատը հաղորդավարի ուղղությամբ պարզելով-խմբ.) դրան պըտի օժանդակեք, որ ինքը չլինի»։ Դիտարկմանը՝ դուք գիտնական եք, ապացուցողական տվյալներ ունե՞ք, Շարմազանովն արձագանքել էր. «Այո, Նիկոլ Փաշինյանի սոցհարցումները նայեք, կտեսնեք, ոնց ա գահավիժում։ …Մենք հիմա նաև ստորագրահավաք ենք անում՝ «Ո՛չ Արցախը՝ Ադրբեջանի կազմում», որին հարյուր-հազարավոր մարդիկ են միանում։  Էն միջազգային կազմակերպությունները, որ տեսնեն՝ մարդիկ ստեղ պինդ կանգնած են իրանց ազգային երազանքի կողքին, իրանք մեզ կհարգեն»։ Ի դեպ, երբ հաղորդավարը պրոգնոզիստ Շարմազանովից հետաքրքրվել էր, թե ինչ է անելու, եթե 2024 թ. գարնանը Փաշինյանը հեռացած չլինի, նա կեսկատակ արձագանքել էր. «Ես չեմ պատրաստվում ձեր հաղորդագրության սղագրությունն ուտել»։

Օրերս էլ, ի դեպ, Շարմազանովը, որը ժողովրդի կամքին էր ապավինում, որպեսզի  2024 թ.  գարնանը Նիկոլ Փաշինյանն այլևս չլինի վարչապետ, ազդարարել է, թե Արևմուտքն է «շուտով խաղարկելու արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային և ՀՀ-ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով»։ «Արևմուտքը կունենա իր երազանքի ՀՀ ԱԺ-ն՝ Նիկոլ և արևմտամոլ, քաղաքական տրանսգենդերիզմի և «գոլուբոյների» պաշտպան հակառուսներ։  Թուրքական լափի պակաս հաստատ չի լինի, կվայելեք հավեսով ու կերջանկանաք «ղարաբաղյան կլանի» Բաքվի ու Երևանի բանտերում հայտնվելու փաստից, ա՛յ թշնամուն ծախված նեոբոլշևիկներ»։  Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Շարմազանովը այդքան անհանգստացած  նոր ընտրությունների արդյունքներով, չէ՞ որ, ըստ իր վկայակոչած սոցհարցումների, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը «գահավիժում» է, ՀՀԿ-ի և մյուս ընդդիմադիր ուժերի ռեյտինգն էլ,  ըստ տրամաբանության, պիտի որ թռիչք ապրած լինի։

Հիշեցնենք՝ իշխանության ներկայացուցիչները  «կեղծ օրակարգ» են որակել եկող տարի արտահերթ ընտրությունների գնալու թեման։ Նախորդ շաբաթ Իջևանում կուսակցականների հետ հանդիպման ժամանակ Ն. Փաշինյանը կեսկատակ հայտարարել էր.  «Էս մարզային հանդիպումների շարքը, որն ընդդիմության շրջանում արտահերթ ընտրությունների պատրաստվելու …հիմա սա կարող եմ չասել, որովհետև նկարահանում են, թողնեմ՝ ընդդիմադիրներն իրենց ռեսուրսները ծախսեն գարնանը սպասվող արտահերթ ընտրությունների վրա, շտաբներ բացեն, պարտք վերցնեն, վարկ վերցնեն, …իսկ իրականում մենք այստեղ շատ ավելի կարևոր հարցերի համար ենք հավաքվել»։

Հեղինե Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում