«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի արդեն նախկին խորհրդականի հայտարարությանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի:
«Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը:
Մի կողմ թողնենք այս պնդման իրավական ողջ անհեթեթությունը:
Նախ, ըստ որոշ խելքի պուտուկների, ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:
Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն՝ ՀՀ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրանական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:
Եվ վերջապես, դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ»,- գրել է նա:
Վլադիմիր Գրիգորյանը երեկ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ պետական պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության: Ըտս նրա՝ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
Հարցադրմանը՝ արդյո՞ք իրավական տեսանկյունից այս մեկնաբանությունը խնդրահույց չէ, ի վերջո, ԼՂ նախագահի կողմից չկա նոր հրամանագիր իր նախկին հրամանագիրը չեղարկելու մասին, վերջինս պատասխանել է. «Նման որոշումը քանի որ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և դրանից հետո շարունակել է արդեն հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024թ., 2025թ. լինելու է, որովհետև Արցախի Հանրապետությունը լուծարվում է միայն ժողովրդի հանրաքվեով, և որևիցե անձ, նույնիսկ՝ նախագահը, նման լիազորություններ և իրավունքներ չունի, որպեսզի լուծարի հանրապետություն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
