Այս աղետաբեր ժամանակներում հնարավոր է լինելու դիմադրել ու վերապրել շնորհիվ հոգեւոր կապերի գիտակցության

Կաթողիկե հավատքի ծննդյան տոնին ընդառաջ. Քրիստոսի ծնունդն իրականում շատ ավելի խորը հոգեւոր արժեք ունի, քան ժամանակակից մարդկությունը կարող է գիտակցել։ Այն հոգեւոր կապի արարողություն է, որ, ցավոք, վերածվել է մակերեսային սիմվոլիսմի։ Ժամանակակից աշխարհը, մարդու աշխարհն այլեւս բախվել է իր ներսից գոյացած դաժանությանն ու խորտակվում է։ Ես չեմ կարող կանխատեսել սկսվող փոփոխության ելքը, միայն կարող եմ ասել, որ այս աղետաբեր ժամանակներում հնարավոր է լինելու դիմադրել ու վերապրել շնորհիվ հոգեւոր կապերի գիտակցության։ Հին աշխարհն իր հնարովի, մտացածին կարծրատիպերով փլվում է ու ժամանակներն արդեն չեն հանդուրժում մարդկային հասարակարգի գեներացրած արժեքները, քանի որ դրանք եղել են փուչ, անհիմն ու կեղծ։ Հայաստանը, հայ ժողովուրդը, որպես գոյություն ունեցող ամենահին հասարակարգ, առավել ցայտուն է արտահայտում գալիք փոփոխությունների սիմպտոմները։ Ախտն այլեւս բջիջներում է, ընտանիքներում, որից դուրս արտահայտվում է դրա հետեւանքը` կեղծավորություն ամեն ինչում. տոնածառից մինչեւ ինցեստի պարտակում, դավաճանի պարտակում, թայֆի անդամի հանցագործության պարտակում։ Քանդվում են մարդկության նախկին արժեքները` սերնդեսերունդ փոխանցված բեռի տակ։ Եթե ստեղծվեն ամուր հոգեւոր կապեր, առանց ծանոթբարեկամական կոռուպցիոն խարիսխների, կամ հանգույցների, ոնց կուզեք, անվանեք, հնարավոր կլինի վերապրել ու հառնել մոխիրներից։ Կան, իհարկե, առողջ բջիջներ, առողջ ընտանիքներ, նորացված կապերով ու արժեքներով։ Հենց այդ ընտանիքներում են նշվում ծննդյան տոները, հատկապես` Սուրբ Ծնունդը։ Ահա այդ ընտանիքներին շնորհավոր ու այդպիսի ընտանիքներից էլ դուրս հորդի այն կատարյալ սերն ու բարությունը, որ փրկի բարին։ Բարի հոգեւոր նորացում մարդկանց, ժողովուրդներին, երկրներին, Աշխարհին։
Կիսվել սոց․ ցանցերում