Դոնալդ Թրամփը 200 000 դոլար գրավի դիմաց ազատ կարձակվի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 200 000 դոլար գրավի դիմաց ազատ կարձարկվի։ Խոսքը Ջորջիա նահանգում ընտրություններին միջամտության վերաբերյալ քրեական գործի մասին է։ Ինչպես փոխանցում է CNN-ը, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թրամփի փաստաբանների ու դատախազության միջև։

Հեռուստաընկերությունը փոխանցում է, որ քաղաքական գործչի փաստաբանները համաձայնվել են նաև «այլ պայմանների», որոնց վերաբերյալ մանրամասն տվյալներ չկան։

Ինչպես հավելում է CNN-ը, ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Թրամփը, հավանաբար, ստիպված չի լինի ներկա գտնվել խափանման միջոցի մասին լսումներին, որոնք կկայանան նրա ֆորմալ ձերբակալությունից հետո։ Թրամփը պետք է ոստիկանությանը հանձնվի մինչև օգոստոսի 25-ը։

Ընտրություններին միջամտելու գործը Թրամփի դեմ չորրորդ քրեական գործընթացն է։ Մինչ այդ նա մեղադրվում էր բիզնես հաշվետվողականության կեղծման, գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման ու ընտրություններում պարտվելուց հետո իշխանության պահպանման փորձի մեջ։

Թրամփի հետ միասին այս գործով մեղադրյալ է նաև ևս 17 անձ։

Լուսանկարը՝ Drew Angerer/Getty Images

Կիսվել սոց․ ցանցերում