Հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր տրամաբանություն. Ավինյան

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ բոլոր ավտոբուսների վրա տեղադրվել են համապատասխան սարքեր՝ ալիդատորներ, դրանք կտեղադրվեն նաև տրոլեյբուսների վրա:

«Դրանք տեղադրված են նաև մետրոյի բոլոր կայարաններում՝ երկուական անցարգելների վրա։ Բոլորը չենք կահավորվում, որովհետև բոլոր կայարաններում նոր անցարգելներ ենք ունենալու, և դրանք հագեցած կլինեն սարքերով»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ասաց, որ այս հանձնարարականը կարելի համարել կատարված և շատ կարևոր է, այդ սարքերը և QR կոդերը փորձարկել մինչև ամբողջական նոր տոմսային համակարգի անցնելը:

«Հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի ամբողջովին նոր տրամաբանություն, ունենալու ենք տոմսային նոր պրոդուկտներ՝ օրական, շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսեր, կգործեն տարատեսակ սակագներով, և կարևոր է, որ մինչև այդ պրոդուկտին անցնելը՝ փորձարկենք համակարգն ու վստահ լինենք, որ բոլոր խնդիրները, որոնց մասին հիմա քաղաքացիները ահազանգում են, լուծված են, և անցումը կլինի ավելի սահուն ու հանգիստ: Հաջորդ տարի հանրային տրանսպորտի շարժակազմը շարունակում ենք համալրել ևս 200 նոր ավտոբուսով և բոլոր այդ փոփոխությունները մեկ ընդհանուր տրամաբանությնա մաս են՝ հանրային տրանսպորտն այս քաղաքում ունի առաջնահերթություն, դրան է տրվելու առաջնահերթությունը, և տրանսպորտից օգտվող մարդու համար ապահովելու ենք լավագույն պայմանները»,- նշեց Ավինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում