Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիայի ժամանակ ձերբակալված 26 ձկնորսներից մեկը կալանավորվել է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ մյուս՝ 25 ձկնորսները ազատ են արձակվել:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն էին իրականացրել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց էին մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել էին հայհոյանքներ, սպառնացել հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել էին բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել էր բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նավակներով մոտեցած անձինք շարունակել էին ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել էր «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել:
Հանցավոր արարքներ կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին էր ներկայացվել 26 անձ։
