Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են պնդումներ կապված թուրքական զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողության ընթացքում սպանված զինծառայողների մահվան պատճառի հետ:
Թուրքական քարոզչամեքենայի պնդումների համաձայն՝ զինծառայողները սպանվել են շվեդական արտադրության զենքերից:
Ըստ թուրքական մեդիայում տեղ գտած լուրերի՝ Թուրքիան նույնիսկ հարցում է կատարել Շվեդիայից քուրդ զինյալներին զենք-զինամթերք տրամադրելու վերաբերյալ:
Ինչին էլ ի պատասխան շվեդական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ ռազմական տեխնիկան իրենց կողմից չի արտադրվել և չի էլ մատակարարվել Իրաք՝ քուրդ զինյալներին:
Ուշագրավ է, որ թուրքական քարոզչամեքենան նման պնդումներ է առաջ քաշում Թուրքիա-Շվեդիա լարված հարաբերությունների համատեքստում, կապված սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացվող «Մագիլ-սուր» ռազմագործողության ընթացքում 12 զինվոր էր կորցրել:
