ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային առաջին օրվա ընթացքում Մեդովկա բնակավայր կատարած այցի ժամանակ խոսել է տեղի մոդուլային դպրոցում արձանագրված խնդիրներից։
Վարչապետը իր խոսքում նշել է, որ նկատել է բազամթիվ խնդիրներ, և դժգոհ է կատարված աշխատանքից։
«Ես դեռ չեմ շնորհավորում ձեզ դպրոցի առիթով, որովհետև որակի հետ կապված խնդիրներ եմ տեսնում։ Իհարկե, կարծում եմ, որ պետք չի հետաձգել նոր դպրոց տեղափոխվելը, բայց մյուս կողմից մի քանի օր ժամանակ ունենք։ Այս պահի դրությամբ երկու տեղ ենք մտել և տեսնում ենք, որ ունենք որակի խնդիր։ ես չեմ պատկերացնում կոմպրոմիս որակի հետ։ Այս օբյեկտները չեն կարող ընդունվել, եթե չեն համապատասխանում մեր ստանդարտներին։
Ի՞նչ ենք անում մենք․ մտնում ենք 15 րոպե մի տեղ, նայում ենք եթե վիզուալ առաջին հայացքից որևէ բան է երևում, նշանակում է՝ խորքում ավելի մեծ խնդիրներ կան։ Որ կողմ նայում եմ խնդիր կա, մենք չենք կարա երեխեքի աչքերի մեջ նայենք, ասենք՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք, դպրոց չենք կառուցել սա կիսատ-պռատ աշխատանք է, այլ բան ասելու առիթ չեմ տեսնում»,- մոդուլային դպրոցում իր խոսքի ընթացքում ասել է Կառավարության ղեկավարը։
Նա անդրադարձել է հարցին, երբ որոշ դեպքերում ասում են, թե Կառավարությունից մարդ չի գալիս, այժմ եկել են․ «Ենթադրեինք՝ չէինք գալիս, ի՞նչ վիճակով էր այս դպրոցը երեխեքին հանձնվելու։ Հիմա որտեղ նայում եմ շինարարը հազար դրամ ամեն կողմից ուզեցել է տանի, էս ինչ ձև է, չի կարելի տենց աշխատել։ Պոդկատ է, փող է տալիս մեզ շինարարը»։
Փաշինյանը նշել է, որ պատասխանատվությունն են կրում այս հարցի շուրջ քաղաքաշինության կոմիտեն, տեխ․ հսկողության ներկայացուցիչները։
