Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի բողոքն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.09.2023 թ. որոշման։
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Նկատենք, որ ՀՀ վարչական դատարանի 01.08.2023 թ. որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.09.2023 թ. որոշմամբ՝ Թագուհի Թովմասյանի վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել էր, Դատարանի 01.08.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ թողնվել անփոփոխ։
Հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հիշեցնենք՝ դիմելով դատարան՝ Թագուհի Թովմասյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԱԺ 11.07.2023 թ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» որոշումը։
