Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանը, արդեն հայտնել ենք, չի համակերպվում համայնքի ավագանու՝ իրեն անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու որոշման հետ և ավագանու համապատասխան որոշումը վիճարկել է վարչական դատարանում։ Դատարանն, ի դեպ, մեկ անգամ վերադարձրել էր Թամազյանի անունից ներկայացված հայցադիմումը, իսկ 2023 թ. դեկտեմբերի 28-ին վարույթ է ընդունել։ Դատարանը միաժամանակ Ալավերդի համայնքի ավագանուց պահանջել է երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել համայնքի ավագանու 05.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Գեղամի Ղումաշյանին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին» որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը և սույն վարչական գործով դատաքննության օր է նշանակել փետրվարի 5-ին։ Հարկ է նկատել, որ նույն օրը հիշյալ դատարանի կողմից կայացված մեկ այլ որոշմամբ գործող համայնքապետ Դավիթ Ղումաշյանը ներգրավվել է որպես երրորդ անձ, քանի որ դատարանը գտել է, որ կայացվելիք դատական ակտով անմիջականորեն շոշափվելու են վերջինիս իրավունքները։
Արկադի Թամազյանը, որը, ինչպես վկայում են նրա՝ համայնքի ղեկավարի պաշտոնում կատարած որոշ գործողություններ, աչքի է ընկնում ՏԻՄ օրենքը յուրովի մեկնաբանելու ջիղով, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և դիմելով ալավերդցիներին՝ նշել. «Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնն ապօրինի կերպով բռնազավթելու կապակցությամբ մեր թիմը (իրականում՝ ինքը, հայցադիմումը նրա անունից է ներկայացվել) դիմել էր վարչական դատարան… Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունվել, և ՀՀ վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար այսօրվանից կասեցված է ինձ անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը»։ Թամազյանը նաև կոչ էր արել Դավիթ Ղումաշյանին «անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»։
Նշենք, որ Վարչական դատավարության օրենսգրքի՝ Թամազյանի կողմից կիսատ-պռատ մեջբերված հոդվածը՝ «Վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները», մասնավորապես սահմանում է. «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) oրենքով նախատեuված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից»:
Civic.am-ի հետ զրույցում Դավիթ Ղումաշյանը, անդրադառնալով իր նախորդի վերոհիշյալ հայտարարությանը, նշեց. «Նախ ուզում եմ ճշտել՝ Արկադի Թամազյանը կամ, ինչպես ինքն է ասում՝ «մեր թիմը», երբվանի՞ց են դարձել իրավաբան։ Եվ եթե իրենք այդքան լավ իրավաբաններ են և կարողանում են մեկնաբանել օրենքը, հղում անել օրենքին, ապա ուզում եմ հարցնել՝ իրենք կարո՞ղ են մեկնաբանել իրենց կողմից իրականացված կեղծ, սուտ իմպիչմենթը։ Իրենք այն ժամանակ էլ էին գոռում, թե օրենքի այսինչ կետով ասվում է, որ եթե համայնքի ղեկավարին մեկ անգամ արդեն անվստահություն է հայտնվել, ապա մեկ տարվա մեջ այլևս ուրիշները չեն կարող հայտնել (խոսքը «Ապրելու երկիր» խմբակցության կողմից նախորդ տարի հոկտեմբերին Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին է, մինչդեռ ավագանին նիստ չէր գումարել՝ քվորումի բացակայության պատճառով, և անվստահություն հայտնելու գործընթաց տեղի չի ունեցել)։ Ինչ է, նորի՞ց են ուզում ժողովրդին իրենց ստերով մոլորության մեջ գցել։ Մի անգամ արեցին, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ է՞լ են փորձում։ Խոսում են քրեական պատասխանատվությունից, իսկ արդյոք պատասխանատվության ենթակա արարք չէ՞ համայնքի բնակիչներին ստելն ու մոլորության մեջ գցելը»։ Ղումաշյանը հավելեց նաև, որ իր՝ Թամազյանի, և նրա թիմի իրավունքն է դիմել այս կամ այն դատարան, միայն թե տպավորություն ունի, թե ավագանու որոշումը շփոթել են ԳԱԻ-ի ակտի հետ։ «Սա վերաբերում է համայնքի ավագանու մեծամասնության կայացրած որոշմանը։ Ես ինքս էլ չեմ ուզում խորանալ իրավաբանական նրբությունների մեջ, քանի որ նախ՝ մասնագետ չեմ, երկրորդ՝ ճիշտ չէ որպես համայնքի ղեկավար մեկնաբանել այն գործողությունները, որոնք դատարանի տիրույթում են։ Դատարանը լավ է արել, վարույթ է ընդունել, կլինի դատարանի վճիռ, այն ժամանակ էլ կխոսենք։ Ես ընդամենը կրկնեմ, որ այս ամբողջ գործընթացի նպատակը ժողովրդին հերթական անգամ մոլորության մեջ գցելն է, ստելը։ Դուք ձեր ավագանու անդամներին էլ եք ասում, որ ամեն ինչ օրենքով է, բայց չեք էլ մեկնաբանում, թե ո՞ր օրենքով է։ Եվ բացի այդ՝ կա՞ կատարողական դատարանի կողմից, ԴԱՀԿ-ի կողմից, որի հիման վրա էլ պետք է կատարենք՝ անենք կամ չանենք օրենքով վերապահված որոշակի գործողություններ։ Այ երբ կլինի այդ կատարողականը, այդ ժամանակ էլ կխոսենք։ Իսկ փետրվարի 5-ին նշանակված դատական նիստից առաջ իր (Թամազյանի կողմից-խմբ.) այսպիսի հայտարարություն անելը, իմ դիտարկմամբ, ընդամենը անգրագիտություն է, ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձ»։ Ալավերդիի համայնքապետը նշեց նաև, որ դատական պրոցեսին ինքն անպայման մասնակցելու է՝ որպես ներգրավված երրորդ անձ, և մինչև դատական քննությունը շատ հարցերի մասին չի ցանկանում խոսել։
Ի դեպ, համայնքապետարանի կայքում զետեղված են համայնքի ղեկավարի կողմից երեկ և այսօր ստորագրված մի շարք որոշումներ, այդ թվում՝ Ալավերդիի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակելու մասին։ Ղումաշյանին հարցրինք՝ արդյոք ուժ մե՞ջ է իր՝ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո տված խոստումը, որ «կադրային ջարդ» չի լինելու, և նախկին համայնքապետի օրոք պաշտոնների նշանակված այն անձինք, ովքեր կցանկանան աշխատել նոր թիմի հետ, ունեն մասնագիտական որակներ ու հմտություններ, կշարունակեն պաշտոնավարումը։ Ալավերդիի համայնքապետը նշեց, որ վերոհիշյալ նշանակումները չպետք է դիտարկել որպես «կադրային ջարդ»։ «Ուզում եմ հատուկ շեշտել, որ 8 վարչական տարածքներում՝ մեծ և փոքր, մնացել են նախկին վարչական ղեկավարները, որոնց հետ անցել ենք ճանապարհ և հասկացել ենք, որ կարող ենք շարունակել աշխատել։ Տեսել ենք, որ իրենք կարողանում են իրենց գործը կատարել լավ։ Իսկ երբ տեղի է ունենում վարչական ղեկավարների փոփոխություն, դա պետք է դիտարկել թիմային աշխատանքի տրամաբանության մեջ։ Եղել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել աշխատել մեզ հետ, որոնց ցանկությունը բավարարվել է։ Ինչ է նշանակում «կադրային ջարդ». եթե մարդը չի գալիս աշխատանքի և ասում է, որ ինքը չի պատրաստվում աշխատել, մենք էլ ասում ենք՝ չես ցանկանում, գնա ձեր տուն»,- նշեց Ղումաշյանը։
Հեղինե Մանուկյան
