Արցախում իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում։ Իշխանություն, որպես այդպիսին, չկա։ Կան բարձր ու բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք ոչ միայն իրավիճակին չեն տիրապետում, չգիտեն ինչ անել, այլ թքած ունեն ամեն ինչի վրա և մտածում են միայն իրենց կաշին ու «փողի քսակը պաշտպանելու և փրկելու մասին։ Իսկ թե դա ինչպես անեն, նրանց հուշում են երևանյան իշխանությունները` գերագույն «Չարիքի» գլխավորությամբ։
Արցախի նախագահի հրաժարականի մասին ներկայացումը, զինված մարդկանց ռազբորկաների մեջ ներքաշելը, իրականությունն իրենց ուզած ձևով ու գլխիվայր շուռ տված ներկայացնելը, շատերի կարծիքով, միտված է մի բանի, որպեսզի իրավիճակը, սոցիալական խնդիրներն ավելի սրվեն, որ կարողանան արդարացնել Աղդամով ճանապարհը բացելը։
Շարունակում է օրակարգում մնալ նաև պաշտոնական Երևանի մյուս հրահանգը` հնարավոր բոլոր ձևերով անվանարկել ռուս խաղաղապահներին, անգամ իրենց ապազգային գործողությունները, ինչպես օրինակ, Աղավնոյի, Բերձորի հանձնման, Բերձորի միջանցքը փակելու մեղքը բարդելով ռուսների վրա։
Հատկապես անտանելի վիճակ է առաջացել հացի խնդրի հետ կապված։ Ողջ գիշերը մարդիկ եղած-չեղած գործող հացի փռերի դիմաց հերթ են բռնում, ցուցակ կազմում, վաղ առավոտյան գալիս ու տեսնում այդ ցուցակը պատռած, դեն շպրտած, նոր ցուցակ կազմած։ Նույն ճակատագրին են արժանանում նաև նոր ցուցակները, որովհետև մարդկանց մի այլ խումբ ավելի ուշ գալիս է, գտնում, որ «ժիվոյ հերթ» պիտի կանգնել, ու սկսվում է իրարանցումը` բղավոցներ, փոխադարձ մեղադրանքներ…
Հետո երբ մի քիչ հանգստանում են, սկսում են իրար հարցնել, թե` ուր են իշխանությունները, ինչո՞ւ մի բան չեն անում, նրանց ընտանիքների անդամներին ինչո՞ւ երբեք չենք տեսնում հերթերում։ Եթե չեն կարողանում գոնե հացի մատակարարման ու արդար բաշխման հարցը կարգավորել, ինչո՞ւ հրաժարական չեն տալիս, իրենց տեղը զիջում նրանց, ովքեր կարող են մի բան անել։ Ինչո՞ւ, օրինակ, հացը կտրոնով չեն բաժանում, որպեսզի այսպիսի բարձիթողի, այլանդակ վիճակ չլինի։ Ինչո՞ւ են վերացրել կտրոնային համակարգն ու երկրում խորացրել «բարդակը»:
Հարցնում են` իսկ ու՞ր է կորել պետնախարար տղան, որ Ռուբեն Վարդանյանից հետո նրա պաշտոնը զբաղեցրեց, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ է բազմել այդ աթոռին, եթե ոչինչ չի անում, ոչինչ չի հասկանում, մեկ-երկու անգամ իրենց կազմակերպած միտինգում ծվծվացել է ու անհետացել։
Լավատեսներն ասում են, ոչինչ, քիչ էլ սպասենք` օրը կբացվի, բարին հետը։ Օրը մթնում է, նոր օրեր են բացվում, բայց բարին այդպես էլ չի երևում, իսկ նոր օրն ավելի ծանր է դառնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0668604d694bb7e0e471ca59af5f3855
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
