Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որ պետք է ընդունենք. Մինասյան

«Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որը պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները»։

Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: 

«Այդ առումով մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը։ Մասնավորապես՝ Վրաստանն ունի համանման օրենսդրություն, առհասարակ՝ առանձին օրենք։ Բայց նաև 4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն ու միջազգային փորձագետների հետ աշխատելն է»,- նկատեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է Հռոմի ստատուտը օգնի նախկինում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերհանմանը՝ Մինասյանը պատասխանեց. «Կան դատախազական և քննչական գործիքակազմեր, և մեր նախաքննական մարմինները, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին և իրավապահներին, որոնք, գալով Հայաստան կամ թղթերն ուսումնասիրելով, մասն են դառնում այդ վարույթներին։ Եվ այս դեպքում Հայաստանը ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ»:

Կիսվել սոց․ ցանցերում