Երեխայի քունը կյանքի առաջին ամիսներին շատ կարևոր է նրանց առողջության և զարգացման համար։ Այն հանգստություն է բերում նաև մայրիկներին։ Երբ ուսումնասիրում ենք, թե ինչպես է քունն ազդում երեխաների կյանքի, նրանց ձեռքբերումների ու անհաջողությունների վրա, հասկանում ենք, որ անհնար է գերագնահատել քնի դերը։Ծ
Նորածինները օրվա ընթացքում քնում են մոտավորապես 16-17 ժամ, 6 ամսական երեխաները՝ 14,5 ժամ, 1 տարեկանները՝ 13,5 ժամ։
Գիշերային քունը հաստատուն է դառնում մոտավորապես 4 ամսական հասակում և տևում է 6-8 ժամ։ Այն աստիճանաբար երկարելով, արդեն 6 ամսական հասակում դառնում է 10-12 ժամ։
4-8 ամսական երեխաները ցերեկվա ընթացքում սովորաբար քնում են 2-3 անգամ,
9-12 ամսականները՝ 1-2 անգամ, իսկ 1-2,5 տարեկանները 1 անգամ։
Ցերեկային քնի տևողությունը կարող է տատանվել 1-4 ժամվա սահմաններում։
2,5 տարեկանից մեծ երեխաների մեծամասնությունը ցերեկը չի քնում, իսկ գիշերային քունն այդ տարիքում տևում է 10-15 ժամ։ 4 տարեկանից մեծ երեխաները շատ հազվադեպ են ցերեկը քնում, իսկ նրանց գիշերային քունը կազմում է 9-13 ժամ։
Մինչև մեկ տարեկան հասակը երեխաների 84%-ը գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է արթնանա, բայց նրանցից շատերը ծնողների միջամտությամբ նորից քնում են։ Մյուսները քնելու համար ծնողների օգնության կարիքն ունեն, դա կոչվում է «գիշերն արթնացողներ»:Քունս չի տանում… Չեմ ուզում քնել… Մի քիչ հետո… Գրեթե բոլոր ընտանիքներում այսօրինակ «բողոքի արշավներ» լինում են։
Իսկ ծնողները համառորեն պնդում են, որ երեխան պիտի ժամանակին քնի։ Միանշանակ ճիշտ են այն ծնողները, ովքեր ստիպում են իրենց երեխաներին ժամանակին քնել և այդ հարցին մատների արանքով չեն նայում, քանի որ երեխայի՝ քնի հետ կապված խնդիրների զգալի մասը մեծահասակների անհետևողականության արդյունք է։
Երեխան ունի զարգացող օրգանիզմ, որի առանձին հատվածների ու գործառույթների ձևավորման անմիջական պատասխանատուն քունն է։ Կան հորմոններ, որոնք արտադրվում են միայն քնած ժամանակ։ Ըստ այդմ քնի խանգարում ունեցող երեխան հավանական է, որ կունենա նաև աճի հորմոնների, հիշողության հետ կապված խնդիրներ և ոչ միայն։ Քնի որակից ու քանակից են կախված երեխայի նյարդային, ոսկրային, իմուն համակարգերը։
Դպրոցահասակ երեխայի քնի միջին տևողությունը պետք է լինի 9-10 ժամ։ Շատ երեխաներ`ռեժիմի բացակայության, բջջային սարքավորումների չարաշահման, սխալ սննդակարգի ու այլ հանգամանքների բերումով քնում են ուշ, քնում են քիչ։ Անկախ նրանից, թե երբ է քնել երեխան, առավոտյան նա պարտավոր է ժամանակին արթնանալ, ու հենց այստեղ սկսվում են խնդիրները՝ ոմանք չեն կարողանում արթնանալ, ուշանում են դասերից, մյուսներն արթնանում են, մասնակցում են դասերին, բայց հոգնած ու թույլ են այնքան, որ ո՛չ կարողանում են նախորդ օրվա նյութը ներկայացնել, ո՛չ նոր նյութերը յուրացնել։ Արդյունքում տուժում է առաջադիմությունը։ Սրան մատների արանքով նայելը երեխայի մոտ կարող է քնի ֆազայի հետաձգման համախտանիշ առաջացնել, երբ երեխան այլևս չի կարողանում շուտ քնել, երբ էլ անկողին մտնի, քնելու է լուսադեմին մոտ՝ մինչև կեսօր ու ավելի։
