Այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվում էր ՀՀ կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև ՀՀ և Եվրոպական միության առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով այն, ասաց, որ սա թույլ է տալիս ընդգծել ՀՀ պատրաստակամությունը՝ հետ ընդունելու, ռեադմիսիոն պրոցեսներ ապահովելու այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, դիմելով ՆԳ նախարարի տեղակալին, հարցրեց. «Այս պայմանագրերի հիման վրա, որ մարդկանց բերում ենք ՀՀ, ունե՞նք արդյոք վիճակագրություն՝ այդ մարդիկ նորից լքե՞լ են ՀՀ-ն, թե՞ չէ: Այսինքն, եթե այդ մարդիկ ՀՀ-ում ապրելու ցանկություն չունեն, ինչո՞ւ ենք նրանց ինչ-որ բան պարտադրում, ասում՝ չէ, անպայման պետք է ապրես Հայաստանում»:
Արձագանքելով Արփինե Սարգսյանը նկատեց՝ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ-ի պարտադրանքն է, կամ ՀՀ-ի ճարահատյալ որևէ նախաձեռնություն, այլ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ:
«Որը թույլ է տալիս հավաստել, որ ՀՀ-ն պատրաստակամ է ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով ապրում են ԵՄ անդամ երկրներում, այլ, հակառակը, ինքնությունը չպարզված է, կան խնդիրներ անձնագրավորման, փաստաթղթավորման հետ կապված կամ չունեն ընդհանրապես փաստաթղթեր կամ կեղծ փաստաթղթերով որևէ զավթողական ճանապարհով հայտնվել են ԵՄ անդամ երկրների տարածքում, կամ ինքնությունը չպարզված է: Եվ, բնականաբար, ցանկացած պետություն ցանկանում է, որ իր երկրում ապրեն հստակ ինդեֆիկացված և օրինական հիմքերով բնակվող՝ թեկուզև օտարերկրյա քաղաքացիներ, քանի որ դա շատ կարևոր է նաև ներքին անվտանգության և բնականոն պրոցեսների կազմակերպման տեսանկյունից: Այս մասով ՀՀ-ն պատրաստակամ է ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարածքում: Այսինքն՝ ոչ թե առհասարակ ԵՄ տարածքում հայտնված մարդկանց մասին է խոսքը և նրանց ստիպողաբար ՀՀ վերադարձնելու մասին, այլ բացառապես այն մարդկանց մասին, որոնք անկանոն միգրացիոն պրոցեսների արդյունքում են բնակություն հաստատել տվյալ երկրներում»,- ասաց Սարգսյանը:
