Կոտայքում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով կա ձերբակալված։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածը Տիրան Խաչատրյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:
ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ ժամը 23:39-ին էլ «Աբովյան» Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։
«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հավելել են կառույցից:
ՀՀ քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Արամուս համայնքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած կրակոցի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ, կա տուժած:
